Ինչու՞ են մեզ համար կարեւոր միջազգային լուրերը

Սրանից մի քանի տարի առաջ՝ «նախկինների» ժամանակ, Հայաստանի լայն հասարակությանը, կարելի է ասել,  չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս: Շատ քչերն էին հետեւում միջազգային լրահոսնին: Իսկ այդ լրահոսում ներկայացվող լուրերը, որոնք պատմում էին աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող պատերազմների, ներքաղաաքական ընդվզումների մասին, հայաստանցիներիս թվում էին մեզանից հեռու, մեզ երբեք չսպառնացող իրողություններ: Թվում էր, թե մենք մի ամուր ու պաշտպանված ամրոցի մեջ ենք եւ մեզ պատերազմական աղետներ, հայրենազրկում ու մեծ գաղթ, չեն սպասվում: Հայաստանի հասարակությունը գրեթե չէր հետաքրքրվում, թե տարբեր երկրների ղեկավարների ու դիվանագետների հետ հանդիպող մեր նախագահները, դիվանագետները, պետական այրերը, երբ գնացին, ով դիմավորեց նրանց, ու, ամենակարեւորը՝ նրանք ում հետ եւ ինչ խոսեցին, ոնց պահեցին իրենց:

Հիմա այդ ժամանակները երանելի երազ են թվում: Նախ` երբ Հայաստանի այսօրվա վարչապետը պաշտոնական այցով գնում է որեւէ երկիր, մենք դրանից այլեւս լավ լուր չենք ակնկալում: Արդեն գիտենք, որ մեզ համար ոչ մի լավ լուր չի բերի Փաշինյանը:Առավելագույնը , որ մեզ հետաքրքրում է փաշինյանախմբի այցերից, այն է, թե այս անգամ ինչպես է վատ պահել իրեն, բացի հեծանից քշելուց, էլ ի՞նչ «չտեսություն» է դրսեւորել…

Հիմա հայաստանյան հասարակության մեծ մասն է հետաքրքրված միջազգային լուրերով: Արդեն Հայաստանի ճակատագիրը, ցավոք, այլեւս չի որոշվում ՀՀ Կառավարության շենքում,  ոչ էլ՝ ԱԺ-ում, որքան էլ այնտեղ իրար վատ-վատ բառեր ասեն ընդդիմադիրներն ու իշխանականները, կամ իշխանականները ներսում ինչ գզվռտոցների մեջ լինեն:

Հայաստանի ճակատագիրն այլեւս կախված է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից սկսած մինչեւ  Մերձավոր արեւելք ու Ուկրաինա: Փաշինյանի ձեռամբ, ցավոք, Հայաստանը, որպես պետություն, կորցրել է իր դեմքն ու դադարել է գործոն լինել: Արդեն Ալիեւն  ու Էրդողանն են աշխարհի տերերի հետ քննարկում Հայասատանի հարցերը՝ առանց Հայաստանի «ղեկավարների»: Ու այդ տերերի աշխարհաքաղաքական տվյալ պահի շահերից է կախված, թե ինչ համաձայնության կգան նրանք Թուրքիայի ու Ադրեջանի հետ: Դա է պատճառը, որ այսօր գիտակից հայաստանցիները ավելի շատ հետեւում են համաշխարհային իրադարձություններին, քան ներքաղաքական էժանագին ներկայացումներին ու Աննա-Նիկոլ դուետի  բեմադրած «կիսաբաց լուսամուտները»…