Պուտինը նշել է Զելենսկու հետ բանակցությունների պայմանները

«Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ պայմանով, որ նա լեգիտիմացվի նախագահական հերթական ընտրությունների միջոցով».- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով տարեվերջյան իր ամենամյա ասուլիսում՝ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած ապագա գործարք պետք է ստորագրվի Կիևի օրինական իշխանությունների կողմից, ինչը ներկայումս նշանակում է Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան։ 

Պուտինը մեկնաբանել է, որ Ուկրաինայի Սահմանադրությամբ ռազմական դրության ժամանակ նախագահական ժամկետը երկարացնելու մեխանիզմ չկա, և որ միայն Ռադան է իրավասու երկարաձգել իր լիազորությունները՝ առանց պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու։

Նա նշել է, որ հաշվի առնելով, որ Ուկրաինայի նախագահը պատասխանատու է նախարարությունների, անվտանգության ծառայությունների և այլ տարածաշրջանային և կառավարական մարմինների ղեկավարների նշանակման համար, այն փաստը, որ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա սկզբին, փաստորեն նշանակում է, որ գործակալությունների բոլոր ղեկավարները ոչ լեգիտիմ են։

Անցյալ ամիս Պուտինը նորից ասել էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը օրինական իրավունք չունի հրամաններ տալ բանակին կամ ստիպել մարդկանց մահանալ՝ պնդելով, որ Կիևի ներկայիս իշխանությունները փաստացի յուրացրել են իշխանությունը՝ շրջանցելով ընտրությունները։

Ուկրաինայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք նշանակված էին 2023 թվականի հոկտեմբերին և 2024 թվականի մարտին, չեղարկվել են Զելենսկու հրամանով, ով ասել է, որ ընտրություններ չեն անցկացվի, քանի դեռ ռազմական դրությունն ուժի մեջ է։

Զելենսկու նախագահական ժամկետը պաշտոնապես ավարտվել է մայիսին, սակայն նա, այնուամենայնիվ, մնացել է իշխանության ղեկին։ Ուկրաինայի սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ Զելենսկին կստանար ձայների ընդամենը 16%-ը, եթե այսօր ընտրություններ անցկացվեին։