ՌԴ ԱԳՆ-Ն ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՒՆ

Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մուտք գործելն արգելելը ոչ բարեկամական քայլ է համարում Երևանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակ ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ-ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։
«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների` բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծության մասին մշտական ​​հայտարարությունների ֆոնին», — հավելել է Զախարովան։

Մոսկվան, նրա խոսքով, մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանի մոտ։