Փաշինյանը կստորագրի՞, որ «օկուպանտը Հայաստանն է»

Ադրբեջանի նախագահ  Ալիևը «Russia Today-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում խոսել է «խաղաղության պայմանագիր» կոչվածի մասին:

«Մենք, իրականում, մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել է, մնացել է 2-ը: Իսկ Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ, դե, այն, ինչ ես լսել և զգացել եմ, այն էր, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունված լինել  Հայաստանի կողմից, ես նկատի ունեմ մեր պայմանները»,- ասել է Ալիեւը։

Ալիևի խոսքով.«Հոդվածներից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալուն։ Որովհետև կարծում եմ, որ սա երկուստեք ընդունելի հոդված է։ Վերջերս մենք ավարտեցինք վնասի վերլուծությունը: Ավելին, մանրամասն վերլուծություն. Մենք սրա վրա ծախսել ենք 4 տարի։ Եվ դա փաստաթղթավորված է։ Խոսքը գնում է ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին՝ այն վնասը, որը պատճառվել է օկուպացիայի տարիներին։ Ուստի, զերծ մնալով փոխադարձ պահանջներից, կարծում եմ, որ դա երկուստեք ընդունելի կլիներ»։

Ալիեւի խոսությից հասկանում ենք, որ Փաշինյանը ոչ միայն պատրաստվում է որեւէ քայլ անել արցախցիների՝ Արցախ  վերադարձի ուղղությամբ, միջազգային ատյաններում ու դատարաններում Ադրբեջանից պահանջել վնասի փոխհատուցում՝ արցախցիներին տնից, տեղից, իրենց ունեցվածքից զրկելու համար, այլեւ պատրաստ է այդ սլաքներն ուղղել հակառակ ուղղությամբ՝ Հայաստանի դեմ: Այսինքն՝ համաձայնվի, որ Արցախը երեսուն տարի  Հայաստանի կողմից եղել է օկուպացված; Այդ տարիներին, իբր, Հայաստանը Ադրբեջանին հասցրել Է 150 միլիարդ դոլլարի վնաս: Հետւեաբար, Հայաստանը պարտք է Ադրբեջանին: Բայց Ալիեւի «մեծահոգությանը» ինքը պատրաստ է դրական արձագանքել եւ «պարտքը ջրելու» համար մի շարք նվաստացուցիչ զիջումների գնալ եւ ստորագրել այն թուղթը, որը կդնեն իր առջեւ:  Ու սա կներկայացնի որպես մեծ ձեռքբերում ու հաջողություն, թե բա՝ տեսեք, ձեզ խաղաղություն եմ բերել…

Այս նվաստացուցիչ ու վտանգավոր «խաղաության պայմանագրի» ստորագրման ծանր հետեւանքը,  ի թիվս այլոց, կլինի նաեւ այն, որ հետագայում, Ալիեւը «պարքի դիմաց» մի օր էլ կարող է պահանջել պատերազմի մասնակիցների անունները,  թեեւ արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ նման ցուցակներ Ադրբեջանին հանձնվել են ՀՀ այսօրվա իշխանության կողմից: