Հունգարիայի վարչապետը ստու՞մ է

Երեկ սոցցանցային, հեռակա «բանավեճ» էր ծավալվել Հունգարիայի վարչապետ Օրբանի եւ Զելենսկու միջեւ: .«Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարի և Ռուսաստանի հետ գերիների լայնածավալ փոխանակման առաջարկը».-գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ X-ում՝ պատասխանելով Զելենսկու գրառմանը, որտեղ նա քննադատում էր Հունգարիայի առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ավելի վաղ այդ օրը: Զելենսկին Օրբանին մեղադրել է իր դիվանագիտական ​​ջանքերով պարզապես «անձնական իմիջը բարձրացնելու» մեջ և ծաղրով հույս է հայտնել, որ Հունգարիայի առաջնորդը «առնվազն չի կանչի [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադին Մոսկվա՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները։ Ոչ ոք չպետք է բարձրացնի անձնական իմիջը միասնության հաշվին. բոլորը պետք է կենտրոնանան ընդհանուր հաջողության վրա: Միասնությունը Եվրոպայում միշտ էլ առանցքային է եղել դրան հասնելու համար: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի մասին քննարկումներ չեն կարող լինել»:

Օրբանն արձագանքել  էր.«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր ջանքեր գործադրեցինք խաղաղության համար: Մենք առաջարկել ենք Սուրբ Ծննդյան զինադադար և գերիների լայնածավալ փոխանակում։ Ցավալի է, որ [Զելենսկին] այսօր հստակորեն մերժեց և բացառեց դա: Մենք արեցինք այն, ինչ կարողացանք»:

Սոցիալական լրատվամիջոցներում իրար կսմթելուց  կարճ ժամանակ անց Զելենսկու օգնական Դմիտրի Լիտվինը կտրականապես հերքեց, որ Կիևի և Բուդապեշտի միջև որևէ շփում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան առաջարկվող զինադադարի և բանտարկյալների փոխանակման վերաբերյալ՝ փաստացի ենթադրելով, որ Օրբանը չի ասում ճշմարտությունը:

«Ինչպես միշտ, Ուկրաինան չի լիազորել Հունգարիային որևէ բան անել։ Ինչպես միշտ, Ուկրաինան ամեն օր աշխատում է բանտարկյալներին ազատելու համար, և արդեն երկու շաբաթ է՝ համապատասխան շփումները շարունակվում են մինչև տարեվերջ զգալի փոխանակման վերաբերյալ»,- ասել է Լիտվինը ուկրաինական լրատվամիջոցներին։

Ըստ երևույթին, օգնականը արձագանքել է Զելենսկու պնդումներին Օրբանի իրական դրդապատճառների մասին՝ նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է «ոչ թե PR, այլ արդար խաղաղություն և ոչ թե բամբասանք, այլ անվտանգության հուսալի երաշխիքներ»։

Հիշեցնենք, որ Օրբանն այն մարդն է, ով հայ սպա Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիդ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ էլ նա ազատություն ստացավ ու հերոսացավ……