Ինչպես գիտենք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ-ում էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պենտագոնում նրան ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը, քննարկել են Հայաստանի կանոնավոր բանակում իրականացվող բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։
Հայկական կողմի համար, Պապիկյանի հավաստմամբ, ԱՄՆ-ի հետ փոխգործակցության առաջնահերթ ուղղություններն են մարտական պատրաստությունը, ենթասպաների պատրաստման ինստիտուտի զարգացումը, ռազմական կրթության մակարդակը և այլն։ Լլոյդ Օսթինը նախարար Պապիկյանի այցն ԱՄՆ «պատմական» է անվանել, հավելել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը (բնականաբար՝ Ռուսաստանից – խմբ.) և պատրաստակամություն է հայտնել շարունակել բարեփոխումները Հայաստանի զինված ուժերում։
ԱՄՆ-ի և Հայաստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները այժմ կանոնավոր են, և Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները գնալով ավելի հաճախ են այցելում Երևան։ Հենց այդ նպատակով էլ Հայաստանի պաշտպանության նախարարություն է գործուղվել Պենտագոնի հատուկ ներկայացուցիչը, որը «վերահսկում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ռազմական բարեփոխումների իրականացման գործընթացը»։
Խոսենք մեր կողմից բանակցողից՝ Սուրեն Պապիկյանից. երբեմնի պատմության ուսուցիչը լավ երազում անգամ չէր կարող տեսնել, որ ինքը կարող է գոնե մի գյուղական դպրոց ղեկավարել, բայց, արի ու տես, այսօր երկրի բանակ է ղեկավարում: Նա չէր կարող պատկերացնել, որ մի օր ամերիկյան որեւէ պաշտոնյայի քարտուղարուհու բարեկամ իրեն կարող է ձեռքով բարեւել: Բայց, արի ու տես, որ այս մարդուն դիմավորում է գերտերությունններից մեկի ամենակարեւոր դերակատարներից մեկը: Մեր նախարարը, ով չգիտի՝ ինչ բան է բանակը՝ (ի դեպ, նրա բանակային կյանքից ոչ պատվաբեր պատմություն է հայտնի հասարակությանը), չի տիրապետում ռազմարդյունաբերության գաղտնիքներին ու նրբություններին, պետք է աշխարհի գերհզորների հետ քննարկի Հայաստանի բանակը սպառազինելու հարցեր: Միակ բանը, որ կարող էր Պապիկյանն ստանալ ԱՄՆ Պաշտպանության նախարարից, դա հանձնարարություններ ստանալն է, թե ինչպես անի, որ Հայաստանում ռուսական ներկայությունը հանվի, ինչ ինֆորմացիա հավաքագրի ԱՄՆ թշնամի ՌԴ-ի ռազմական գաղնիքներից: Թե չէ, Պապիկյանն ուր, նրա բանակցություններից սպառազինված բանակն ուր…
Անգամ, եթե Պապիկյանի փոխարեն լիներ լուրջ ռազմագետ, զինվորական կամ դիվանագետ, չէր կարող ԱՄՆ-ից Հայաստան բերել երաշխիքներ, սպառազինություններ, որոնք Հայաստանը զերծ կպահեն պատերազմներից ու թշնամական ներխուժումներից: Էլ ուր մանց, թե դա կարողանա անել Պապիկյան Սուրենը:
