Ասադը կստանա ՌԴ քաղաքացիություն

Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադը պետք է ստանա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Այս մասին «Պարագրաֆ» առցանց հրապարակմանը հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։

Նա նշեց, որ տարեկան մոտ 700 հազար մարդ ռուսական անձնագիր է ստանում, և նրանց ճնշող մեծամասնությունը բոլորովին աննկատ մարդիկ են։ Պատգամավորի խոսքով, եթե Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարողացել է դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապա քաղաքացիություն պետք է տրվի նաև Ասադին, ով, չնայած իր նկատմամբ ներկայիս բացասական վերաբերմունքին, բավականին շատ բան է արել Ռուսաստանի համար:

Սրան զուգահեռ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանում ապաստան է տվել Բաշար Ասադին, դեռ չի ծրագրում հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ։  Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ Ասադին ապաստան տրամադրելու մասին պաշտոնական հայտարարություն անել։