Ասադը մերժել է Էրդողանին՝ միասին կերտել Սիրիայի ապագան

Նախագահ  Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու իր փորձերը մերժվել են, քանի որ պատերազմից ավերված երկրում ընդդիմության և կառավարական ուժերի միջև կռիվ է սրվում։

«Մենք Ասադին կոչ արեցինք՝ ասելով. «Եկե՛ք միասին որոշենք Սիրիայի  ապագան »։ Ցավոք սրտի, մենք դրական պատասխան չստացանք այս հարցի վերաբերյալ»,- դեկտեմբերի 6-ին Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը։

Էրդողանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած հակառեժիմային խմբավորումները առաջ են շարժվել դեպի Համա նահանգ։ Նոյեմբերի 27-ից ընդդիմադիր ուժերը գրավել են առանցքային քաղաքներ և մոտեցել են սիրիական Հոմսին։

«Իդլիբը, Համա, Հոմսը և, իհարկե, թիրախը Դամասկոսն է, ընդդիմության առաջխաղացումը շարունակվում է»,- ասել է Էրդողանը։ «Մենք հուսով ենք, որ սա կշարունակվի առանց խոչընդոտների կամ անախորժությունների»: