«Թուրքիան աչք չունի որեւէ մեկի հողի վրա». «Գորշ գայլերի» առաջնորդ

Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության ( «Գորշ գայլեր» կազմավորման ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղիղ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ:

«Մեր անկեղծ ցանկությունն է, որ Սիրիան, որի հետ մենք ունենք ամենաերկար սահմանը, հասնի կայունության: Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտությունը պետք է վերականգնվի», — ասել է Բահչելին MHP-ի պատգամավորներին դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանական հանդիպման ժամանակ:

Բահչելին մեղադրել է Ասադին դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու Թուրքիայի փորձերին դիմակայելու մեջ եւ վստահեցրել, թե, իբր, Թուրքիան աչք չունի որեւէ մեկի հողի վրա: Նա ընդգծել է, որ Ասադի «սեփական շահերից» է բխում աշխատել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ կրկնելով, որ «Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողի վրա»։

«Ասադը պետք է անվերապահ կապ հաստատի Թուրքիայի հետ: Ասադի ռեժիմը պետք է ուշքի գա: Նա չի կարող կանգուն մնալ՝ քաշվելով իր պատյանի մեջ».-ասել է Բահչելին:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Սիրիայում ընդդիմադիր ուժերը Հայաթ Թահրիր ալ-Շամի գլխավորությամբ այսօր ավելի վաղ գրավել են չորս քաղաքներ՝ շարժվելով դեպի Համա՝ երկրի մեծությամբ չորրորդ քաղաքը:

Թուրքիան և Սիրիան 2023 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ երկու բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել, սակայն դրանք չեն կարողացել առաջընթաց ապահովել։ Դամասկոսը պնդել է թուրքական զորքերի դուրսբերումն իր տարածքից, մինչդեռ Անկարան պնդում է, թե, իբր,  իր ներկայությունն անհրաժեշտ է այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիան «ամբողջովին չի մաքրվել»: