Եվ դարձյալ՝ հացի կռիվ…

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդները հայտնել են,որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձի խնդիրն է, որը նոր վճարային պայմաններում չի փոխվել: Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Ինչ խոսք, վարորդները ճիշտ են անում, որ պայքարում են իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների ու աշխատավարձի համար: Այսօր դժվար է աշխատել ավտոբուսի վարորդ՝ երեւանյան այս «խելագար» երթեւեկության պայմաններում, ամեն օր շփվել հարյուրավոր մարդկանց հետ, որոնց մի մասը դյուրագրգիռ է ու նյարդային եւ մի փոքր խոսքից կարող է վիճաբանություն սարքել: Քիչ չեն մարդկային տարրական էթիկա եւ դաստիարակություն ուեցողները: Ի վերջո, այսօր ունենք գերլարված նյարդերով հասարակություն: Վարորդները այդ ծանր աշխատանքի համար չեն վճարվել ըստ արժանվույն: Մինչ օրս գործող ուղեւորավարձի վճարման համակրգը  թույլ էր տալիս օրական  իրենց հացի խնդիրը լուծել՝ մինչեւ աշխատավարձի օրը կգա: Այս նոր համակարգը դրանից էլ զրկեց: Մի խոսքով, վարորդների պայքարը հիմնավորված է:

Սակա, կա մեկ այլ հարց. այս վարորդները նման կազմակերպված ձեւով դուրս չեն գալիս պայքարի, երբ հայրենիքը մեծ ու փոքր կտորներով տրվում է թշնամուն: Դա համարում են միայն Նիկոլի, Սերժի ու Քոչարյանի խնդիրը: Անտարբերությունը նման  հարցերում այնպիսի բարձունքների հասել, որ իշխանության ամեն նման քայլը հենց վարորդների մեծամասնությունը փորձում է որեւէ կերպ  արդարացնել ու հիմնավորել: Նրանց չմտահոգեց, որ հունվարի մեկից շարքային քաղաքացին եռակի ավել է վճարելու ուղեւորափոխադրման համար: Հույս ուներ, որ դրանից իր հացը կավելանա: Բայց, հուսախաբ եղավ ու դուրս եկավ հացի խնդրի պայքարի, ի՛ր հացի խնդրի:

Եվ սա համատարած է. Սեւանի մյուս ափին նստած ադրբեջանցիները չմտահոգեցին Գեղարքունիքի մարզի ժողովրդին, բայց երբ իշխանությունը «կպավ» իրենց հացին՝ սահմանափակումներ դրեց ձկնորսության ոլորտում, սեւանցիները մի հերոսացան՝ էլ ճամփա փակեցին, էլ հոխորտացին, էլ կռիվ տվեցին… դա իրենց հացի ու ստամոքսի խնդիրն էր: Նույնը խաղողագործները, նույնը անասնապահները: Այսինքն, ստացվում է, որ մեր հասարակության ցավոտ տեղը ստամոքսն է, երբ կպնում են այդ ստամոքին ու այնտեղ ներհոսող զանգվածը պակասում է, այդ ժամանակ միայն մարդկանց ինքնապաշտպանական բնազդն արթնանում է…