Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական քայլերն ու հայտարարությունները ոգեւորությամբ են ընդունում մեր հասարակության արեւմտամետ կողմնորոշում ունեցող անձինք, հատկապես նրանք, ովքեր հակառուսական հայացքների կրող են եւ դրա համար ունեն տարբեր հինավորումներ, կամ՝ չունեն… Նրանց թվում է, որ եթե, ինչպես Փաշինյանն է ասում, մի օր զարթնենք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս դուրս է եկել Հայաստանից, ապա նույն օրը Եվրոպան՝ ԵՄ-ն, ծաղկեփնջով հրավիրատոմս է ուղարկելու Հայաստանին, թե՝ եկեք դարձեք մեր եվրոպական անդամ: Սակայն, չկտրվենք իրականությունից եւ առուն չտեսած՝ «մաշիկները» չհանենք: Այնպես չէ, որ եվրոպան սուփրա-սեղանը գցած սպասում է Հայաստանին կամ Վրաստանին: Նման հույսերով էր տոգորված նաեւ Վրաստանը, որը «Եվրոպա դառնալու» հույսով ժամանակին ձեռնոց նետեց ՌԴ-ին: Արդյունքում ստացավ պատերազմ, կորցրեց տարածքներ, մարդկային կյանքեր: Վրաստանի այսօրվա իշխանությունը արժանապատիվ ու հավասարակշռված քաղաքականություն է վարում թե՛ ՌԴ-ի հետ, թե՛ ԵՄ-ի հետ, ի տարբերություն Սահակաշվիլու իշխանության. ում կարելի է նմանեցնել Ուկրաինայում՝ Զելենսկու, Հայաստանում՝ Փաշինյանի հետ: Այսօրվա Վրաստանի կառավարությունն համոզվել է, որ ժամանակին պետք չէր Եվրոպայի «ջրերն ընկնել» եւ երկիրը քաշել արկածախնդրության մեջ: Հատկապես, երբ աչքի առաջ այդ «ջրերի մեջ» կործանվում է Ուկրաինան…
Վրաստանը ԵՄ անդամ դառնալու համար դիմել է դեռեւս 2022-ի մարտին: Սակայն այդ տարի Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի աճող ճնշմանը` ժողովրդավարության հետընթացի պատճառով, այդ թվում՝ քաղաքական հարաճուն բևեռացման, դատական անկախության և լրատվամիջոցների ազատության բացակայության համար։
2023թ-ին նույնպես Եվրամիություն մտնելու հարցում Վրաստանի բախտը չբացվեց. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարեց, որ չնայած Վրաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է, սակայն ԵՄ անդամ դառնալու քննությունը դեռ չի հանձնել՝ 12 առաջադրանքներից երեքն է կատարել: Համեմատություն անցկացնելով քննություն հանձնող ուսանողի եւ Վրաստանի միջեւ, Բորելն ասաց. «Երբ ուսանողը գնում է քննության եւ չի հանձնում, մեղադրում է դասախոսին: Բայց դասախոսը միշտ օբյեկտիվ է: Մենք էլ ենք օբյեկտիվ»: Ստացվում է, որ ԵՄ-ն Վրաստանի քթից բռնած տանում- բերում է, Վրաստանը կատարում է կառույցի բոլոր պահանջներն ու «քմահաճույքները», սակայն դառնում է քննությունից կտրված ուսանող: Գնալով մեծանում են ԵՄ-ի պահանջները, որոնք արդեն նմանվում են շանտաժի: Ուստի Վրաստանի այսօրվա կառավարության քայլը՝ հետաձգել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացն ու հրաժարվել գումարներից, արժանապատիվ ապհվածքի դրսեւորում է, իրենց երկրի ու պետականության նկատմամբ հարգանքի դրսեւորում, որը պահանջվում է նաեւ ԵՄ-ից:
Նաիրա Վանյան
