«Ռսի սապոգից»՝ թուրքի յաթաղան

Դեռեւս մինչեւ փաշինյանախմբի իշխանության գալն էր Հայաստանում ակտիվանում հակառուսական արշավը: Դրան նպաստում էին  Հայաստանում սնկի նման տարածվող եվրոպական, ամերիկյան ծագում ունեցող տարբեր ՀԿ-ներն ու գրասենյակները: Իսկ թավշյա» իշխանիկները հայ-ռուսական հարաբերությունները իջեցրին շչիշակից ցածր մակարդակի. «Ռուսը հայի ամենամեծ թշնամին է», «Եթե չլիներ Ռուսաստանը, Հայաստանը հիմա ծովից ծով էր», «Ռուսաստանը կռիվը գցում է հայերի ու ադրբեջանցիների մեջ եւ հետո գալիս, լավամարդ լինելով՝ իր ոտքը պնդացնում մեր երկրի տարածքում», «Ռուսը նույն թուրքն է, բայց՝ սպիտակ» եւ նման այլ  թեզերը սկսեցին դառնալ ավելի «ակտուալ»: Իսկ ռուսական կողմնորոշում ունեցողները համարվում են «Կրեմլի ագենտ» կամ «ռսի սապոգ լիզող»:

Ռոմանտիկ ազգայնականներ, եվրոպամետներ, սորոսականներ

Հակառուսական քարոզչությունն անում են ոչ միայն նրանք, ովքեր ֆինանսավորվում են տարբեր օտարերկրյա կառույցների, ասենք՝ Սորոսի գրասենյակի կողմից, այլեւ մարդիկ, ովքեր եվրոպական արժեքների կրողներ են, ովքեր  կարծում են, որ Եվրոպան ժողովրդավար է, մարդասեր, բարի: Հայաստանի անվտանգությունն ու ապագան այդ մարդիկ անկեղծորեն տեսնում են Եվրոպայի հետ: Հակառուսական տրամադրություններ ունեն նաեւ մաքուր ազգայնական մարդիկ, որոնց հայրենասիրական ռոմանտիկան թելադրում է, որ մենք կարող ենք գրողի ծոցն ուղարկել բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, ու լիարժեք անկախ, անվտանգ եւ ապահով ապրել: Սա, իհարկե, գեղեցիկ ու ազնիվ երազանք է, բայց, ցավոք, անիրականանալի: Հատկապես աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ աշխարհի գերտերությունները կլանում, կուլ են տալիս փոքր պետություններին, իսկ Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ խաչմերուկում է, կազմաքանդված՝ պետական գրեթե բոլոր կառույցներով, արտաքին ու ներքին ուժերի կողմից, պատերազմից թուլացած հայկական բանակով:

Եվրոպական «անկարող» նավերը, ամերիկյան աղոթքն ու ռուսական ռազմաբազան

Մեր դառը փորձը  բազմիցս ցույց է տվել, որ ժողովրդավար, բարի Եվրոպան ու ԱՄՆ-ն Հայաստանի մատից փուշ հանողը չեն: Եվրոպական նավերը չեն կարող մեր սարերը բարձրանալ:  ԱՄՆ-ում նորից նախագահ ընտրված Թրամփի հետ էլ չի կարելի մեծ հույսեր կապել. մեկ անգամ տեսել ենք՝ արցախյան պատերազմի ժամանակ խոստանում էր…աղոթել մեզ համար…

Շատերը չեն ուզում հավատալ, որ այսօր էլ Թուրքիան մեծ հաճույքով կիրականացնի երկրորդ եղեռնը հայերի նկատմամբ եւ վերջնականապես կլուծի հայկական հարցը, եթե չլինի Ռուսաստանի զսպող գործոնը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան: Անշուշտ, պատմության ընթացքում եղել են մեզ համար պատմական ոչ բարենպաստ իրողություններ, որոնցում դերակատարում է ունեցել Ռուսաստանը: Բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած պետություն նախեւառաջ առաջնորդվում է իր պետական շահերով, հետո նոր՝ դաշնակցի: Եվ, այդուհանդերձ, չպետք է ուրանալ այն դերակատարումը, որն ունեցել է Ռուսաստանը հայ ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական ժամանակներում: Դաշնակցի հետ պետք է կարողանալ ճիշտ երկխոսել, որպեսզի չհայտնվենք ո՛չ վասալի, ո՛չ էլ դավաճան-ուրացողի կարգավիճակում:

Էժան քրջուփալաս, տուրիզմ, կանաչի, ձու, լոլիկ,

Որքան էլ զարմանալի է, այսօր Հայաստանի քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հակված են Հայաստանը կտրել ՌԴ-ից եւ բերել թուրքական ազդեցության գոտի: Նրանք էժան՝ քրջուփալասային մտածողությամբ, էժան ձու ու լոլիկ ուտելու ախորժակ ունեցողներն են, մատչելի ու հարմարավետ զբոսաների սիրահարները, ովքեր կարծում են, թե Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրատնտեսական կապերի խորացումը Հայաստանին բերելու է ծաղկունք, զարգացում, կյանքը դառնալու է ուրախ, ապրուստը՝ ձրի:

Հայերն ապրում են աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ ՌԴ-ում եւ Թուրքիայում: Հայկական ամենամեծ համայնքը ՌԴ-ում է: Ռուսաստանում շատ են հայ մեծահարուստները, ովքեր այնտեղ կարողացել են այնպիսի հաջողությունների հասնել, որ աշխարհի մասշտաբով ամենահարուստների ցանկում զբաղեցնում են առաջին հորիզոնականները: Նրանցից շատերը ՌԴ-ում ստեղծած իրենց կապիտալի մի մասը ներդրել են հայաստանյան տնտեսության մեջ, բարեգործական ծրագրեր են իրականացնում: Սա, բնականաբար, առանց ռուսական իշխանությունների իմացության չի արվում: Այս ամենը չէին կարող անել Թուրքիայում ապրող հայերը: Նրանց մեծ մասը ցեղասպանությունից հետո մնացած ծպտյալ հայերն են: Նրանք չեն կարող որեւէ ֆինանսական օգնություն ուղղել Հայաստանի զարգացմանը, որեւէ բարեգործական ծրագրի մասնակից լինել: Մարդիկ, որոնք ավելի ուշ են գնացել Թուրքիայում աշխատելու, հիմնականում կատարում են սեւագործ աշխատանք՝ դայակի, տնային տնտեսուհու, մաքրուհու, ծերեր ու երեխաներ խնամողի: Թուրքիայում այսօր հայերն էժան եւ որակյալ բանվորական աշխատուժ են: Թուրքիայում չկա մեծահարուստ հայ , գործարար: Նույնը կլինեն նաեւ Հայաստանում,  Հայաստանի տնտեսությունը կհայտնվի թուրք մեծահարուստների ձեռքում:

Եվ վերջապես՝ ռուս զինվորականն արյունարբու չէ

Ռուսաֆոբները հաճախ են շրջանառում «սպիտակ թուրք» արտահայտությունը: Սա բավականին անարդար գնահատական է. ռուսները, ռուս զինվորականները հայերին եւ, առհասարակ, թշնամու խաղաղ բնակչությանը չեն մորթում, չեն բռնաբարում, չեն այրում կամ անդամահատում: Եվ հազիվ թե գտնվի մի պատմություն, որ արյունարբու թուրքի դեմ դուրս գա ընտանիքն ու երեխաներին պաշտպանող հայ կին եւ ողջ մնա՝ առանց անարգվելու ու դաժանաբար սպանվելու: Իսկ ուկրաինացի կինը համարձակ դուրս է գալիս ռուս զինվորների առջեւ եւ պահանջում չկրակել: Նա համոզված է, որ ռուս զինվորը չի սպանի իրեն ու իր երեխաներին: Կարեւոր չէ, թե այս պատերազմում որ կողմն է ճիշտ, որը՝ սխալ, եւ աշխարհաքաղաքական ինչ հարց է լուծվում: Թուրքերի ու նրանց ադրբեջանական մասնաճյուղի անմարդկային դաժանությունները մենք տեսել ենք եւ շարունակում ենք տեսնել:

Իհարկե, հիմա իշխանական քարոզչությունը հասել է նրան, որ ոմանք սկսել են հայերին մեղադրել ցեղասպանվելու համար, թե բա՝ իրենց «ճիշտ» չեն պահել, ցեղասպանել են: Այս մարդիկ գերադասում են «չերեզ Եվրոպա» մտնել թուրքական յաթաղանի տակ, միայն թե Ռուսաստանի հետ կապ չունենանք: Իրենք դա չեն համարում յաթաղան, այլ՝ «նոր, կուլտուրական» թուրքեր: Նման մարդիկ գերադասում էին Ացրախը տալ թշնամուն, քան՝ մտցնել ՌԴ-ի կազմի մեջ: Իսկ թե ու՞ր են տանելու նման կործանարար ցանկությունները, էական չէ: Իրենք թուրքի հետ էլ իրենց «կոմֆորտ զոնայում» կզգան…

Նաիրա Վանյան