Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում

Փաշինյանի հերթական աղմկահարույց ու անհեթեթ հայտարարությունն անգամ օտարազգիների զարմանքն ու զայրույթն է առաջացրել: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյին սոցիալական իր էջում, կարելի է ասել, «շշպռել է» Փաշինյանին: Նա գրել է.«Միակ Արեւմտյան Ադրբեջանը գտնվում է  Իրանի տարածքում»: Դեսպանը նաեւ կից  հրապարակել է  Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը։ «Միակն ու անկրկնելին»,– հրապարակմանը կից գրել է դեսպանը։

Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված  հարցազրույցում Բաքվի կողմից քարոզվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը փաստացի նույնացրել էր Արևմտյան Հայաստանի հետ, ասելով.«Հայաստանում մարդիկ նեղվում են, երբ ինչ-որ մեկն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, բայց չեն մտածում այն մասին, որ ինչ-որ մեկին գրգռում է Արևմտյան Հայաստան հիշատակումը»։ Փաշինյանը հավելել էր, որ իր հայտարարությունը կարող է ընկալվել որպես հերթական դավաճանություն և ստորություն: Եւ նա չէր սխալվում. այդ հայտարարությունը հենց այդպես էլ ընկալվեց…