Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայի COP29 կոնֆերանսի պատվիրակությունները ժամանակին չեն ավարտել վերջնական փաստաթղթի աշխատանքները և կշարունակեն խորհրդակցությունները:
Այս մասին հայտնում է ֆրանսիական France Info ռադիոկայանը։
Նշվում է, որ նախատեսվածի համաձայն՝ համաժողովը պետք է ավարտվեր նոյեմբերի 22-ին՝ Բաքվի ժամանակով 18:00-ին, սակայն փոխզիջման հասնել չի հաջողվել, և այժմ բանակցողները ստիպված կլինեն նախատեսվածից ավելի երկար մնալ Ադրբեջանում։ Բաքվի համաժողովի կազմակերպիչներն իրենց հերթին խոստացել են շարունակել աշխատանքը «ավելի արդար և հավակնոտ նպատակների վրա»։
Հիմնական բանավեճը ծավալվում է այն շուրջ, թե որքան գումար պետք է հատկացվի զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար։
Երկար ժամանակ կոնֆերանսում կոնկրետ թվեր ընդհանրապես չէին հայտարարվում։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ նոյեմբերի 22-ին կազմակերպիչները տարածել են եզրափակիչ կոմյունիկեի միջանկյալ տարբերակը, որում ասվում է, որ զարգացած երկրների իշխանությունները պետք է ձգտեն մինչև 2035 թվականը տարեկան 250 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում օգնելու համար։
Համաձայնագրի նախագծով նպատակ է դրվել նաև մինչև 2035 թվականը զարգացող երկրների տարեկան ֆինանսավորումը 100 միլիարդ դոլարից հասցնել 250 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը նաև «կոչ է պարունակում համատեղ աշխատելու՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր միջոցների օգտագործմամբ հասնելու համար մինչև 2035 թվականը կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարող զարգացող երկրների նախաձեռնությունների ֆինանսավորումը մինչև 1,3 տրիլիոն դոլար»:
Նման ձեւակերպումները չեն սազում համաժողովի մասնակիցներից շատերին։ Այսպես, COP29-ում աֆրիկյան երկրները ներկայացնող քենիացի բանակցող Ալի Մուհամեդն ասել է, որ տարեկան 250 միլիարդ դոլարը բավարար չէ։ Նա զարգացած երկրների առաջարկն անվանել է «բոլորովին անընդունելի և հաշվի չի առնում իրողությունները»։
Նախկինում որոշ զարգացող երկրներ պահանջել էին հստակ պարտավորություններ տարեկան 1,3 տրիլիոն դոլար կլիմայի ֆինանսավորման համար: Զարգացող երկրների մեկ այլ խումբ՝ Չինաստանի գլխավորությամբ, պահանջում էր տարեկան հատկացնել առնվազն 500 միլիարդ դոլար։
ԵՄ-ն հրապարակայնորեն չի հայտարարել, թե ինչ ծախսեր է պատրաստ կրելու: Միաժամանակ Բրյուսելը զգուշացրել է, որ ֆինանսավորման դիմաց զարգացող երկրներից, ի թիվս այլ բաների, կպահանջի ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ջանքեր։ Արաբական երկրները դեմ են այս մոտեցմանը` եվրոպական նախաձեռնության մեջ տեսնելով ածխաջրածինների արտադրությունը սահմանափակելու ցանկություն։
