Այսօր Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ-ի «հանձնում-ընդունում» միջոցառումն էր կազմակերպել: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեց նոր նախարարուհուն:
«Միջոցառումը» նման էր «պանիխիդայի», երբ մյուս կյանք ճանապարհելուց առաջ մարդու մասին լավ-լավ բաներ են ասում: Փաշինյանը հիշեց, որ Վահե Ղազարյանն իր մանկության ընկերն է եւ.«Պարոն Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է և նա, ըստ էության, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև ՆԳՆ ձևավորման գործընթացում»:
Ներկա ոստիկանական պաշտոնյաները նստած եին հերթագրվածի մռայլ մռայլ դեմքով…Մռայլ լինելու ավելի խորքային պատճառ էլ կար.
Ցանկացած ոստիկանի համար, ով երկար տարիներ ծառայել է համակարգում, անկախ այն բանից, թե հասարակությունը ինչպես է գնահատում նրա ծառայությունը, մարդիկ աշխատել են, ծառայել են, առանց խղճի խայթի կատարել են իրենց վերադասի անգամ ապօրինի հրահանգները, մարդկանց վրա գործեր են «կարել», ծեծել են, լուսաձայնային նռնակներ են կիրառել, արյուն են թափել, ջարդել են ցուցարարներին, հայհոյանք ու անեծք են լսել, տնեցիերի, երեխաների ծանր հարցերին են պատասխանել՝ հայացքը գետնին գցած, թե «Պապ, ճի՞շտ է, որ մենք արյունոտ հաց ենք ուտում»…
Այս մարդիկ, ինչու՞ չէ, ազնիվ գործեր էլ են արել, գնացել են հանցագործների հետեւից, վտանգել են իրենց կյանքը, տարբեր հանցանքներ են բացահայտել… Ու, մեկ էլ հանկարծ, իրենց գլխին վերադաս են բերում մի երիտասարդ աղջկա, ու համակարգի տղամարդկանց ասում՝ բոլորդ պետք է ենթարկվեք այս աղջկան: Սրանից ավելի վիրավորական բան՝ ոստիկանության տղամարդկանց համար, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը կարող է մտածել…
