Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքներ և լիազորություններ։ Առանձնապես անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին Իրակլի Կոբախիձեին կներկայացնի որպես վարչապետի թեկնածու»։- ասել է Մդինարաձեն։
Նրա խոսքով, խորհրդարանի խոսնակի թեկնածուն կլինի օրենսդիր մարմնի ներկայիս ղեկավար Շալվա Պապուաշվիլին։
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։
