Ալիեւն ակամա խոստովանում է, որ հայերը միակ ազգային փոքրամասնությունը չեն, որ…

Եվրոպայի խորհրդի Էթնիկ փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հերթական՝ հինգերորդ զեկույցը, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի, նրա անվտանգության, քաղաքական, հոգևոր-մշակութային և սեփականության իրավունքի երաշխիքների վրա «ուշադրություն սևեռելու» մասին է: Զեկույցի հեղինակներն  Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ անցկացնել ԼՂ հայ բնակչության պատմամշակութային ժառանգության, քաղաքակրթական արժեքների, անհատական և համայնքային սեփականության արժանահավատ գույքագրում։

Զեկույցը դուր չի եկել Ալիեւին ու նրա ռեժիմին.  նեղսրտել են, թե կոմիտեն ինչո՞ւ է սեւեռվում միայն հայ ազգաբնակչության խնդիրների և  իրավունքների պաշտպանության հարցերի վրա, իսկ Ադրբեջանի ազգային այլ փոքրամասնություններին մատնում անուշադրության: Սա ակամա խոստովանություն է, որ Ադրբեջանում բոլոր փոքրամասնություններն ունեն իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիր, որ մյուս փոքրամասնությունների և ԼՂ հայ բնակչության խնդիրները նույնական են։ Այս խոստովանությունը Եվրոպայի խորհրդին, եվրոպական մյուս կառույցներին հնարավորություն է տալիս Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների  քաղաքական, հոգևոր-մշակութային և քաղաքացիական ազատությունների խնդիրը քննարկել համալիր մոտեցման դիրքերից: