Փաշինյանի վարչապետության օրոք բարձր պաշտոններ զբաղեցված գրեթե բոլոր անձինք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, դարձել են նրա կամակատարը. գրեթե բոլորն էլ իրենց ոլորտներում գործել են հակապետական, հակաիրավական, հակահայկական,հակամարդկային դաշտում: Այս առումով, հատկապես, անմոռանալի է ՆԳ նախարար վահե Ղազարյանի դերը, ով Փաշինյանի ձեռքին դարձավ բութ գործիք՝ ընդդիմադիր շարժումները ճնշելու, ակտիվիստներին բերման ենթարկելու, խոշանգելու, ծեծելու եւ կեղծ գործեր կարելու համար: Վահե Ղազարյանի օրոք ընդդիմադիր շարժման անդամների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվող բռնությունները դառնում են աննախադեպ անմարդկային ու անտրամաբանական:
Ոստիկանական համազգեստով մարդիկ ոչ միայն բռնի կերպով բերման են ենթարկում ցուցարարներին, պատգամավորներին, այլեւ նրանց ուղղակի ծեծում են, խեղդելու փորձ անում, ետեւից անակնկալ գրկում ու տապալում գետնին: Մի քանի հոգով, արյունարբու թուրքի նման, հարձակվում են մի հոգու վրա եւ «հոշոտում»: Մամուլը բազմիցս անդրադարձել է ոստիկանական համազգեստի մեջ գտնվողների կասկածելի ինքնությանը՝ ․ «Ովքեր են ոստիկանության համազգեստների ու բերետների տակ թաքնված» հրապարակմամբ: Գնալով կասկածները դառնում էին համոզիչ, որ ոստիկանական համազգեստավորներից ոչ բոլորն են ոստիկան: Նրանք իրենց վարքագծով ավելի շատ նման են փողոցի խուժանի, արյունարբու թուրքի «ասկյարի», թմրամոլների, արբեցողների, քան՝ ոստիկանի:
2022-ին «Հրապարակը» գրեց.«Համացանցը ողողված է լուսանկարներով, որ ոստիկանները հագնվել են խառը. տպավորություն է, թե ով ինչ ճարել է, հագել-եկել է հանրահավաքներ ցրելու: Այդպես պատերազմի օրերին էր Փաշինյանը կոչ անում. ով ինչ ունի-չունի, հագնի մեկնի Արցախ:
Տարածված է ոստիկանի լուսանկար, որի բերետը կարմիր գույն է, վերնաշապիկը՝ այլ ծառայության, տաբատը՝ մեկ ուրիշ ծառայության: Ինչ ճարել, հագցրել են ինչ-որ մարդկանց ու ուղարկել «մարտադաշտ»՝ ընդդիմության դեմ: Կա նաեւ ԱՄՆ ոստիկանության դեպարտամենի տարբերանշան կրող համազգեստավոր ոստիկանի լուսանկար: Մի «ոստիկան» ձեռքի մեծ դաջվածքներով է, մեկ ուրիշը՝ երկար մազերով:
Սրանք ելույթներ են, որոնք անթույլատրելի են ոստիկանական համակարգում: Ովքե՞ր այս մարդիկ, որտեղի՞ց են եկել եւ, առհասարակ, հայե՞ր են, թե՞ այլազգիներ, ասենք՝ ադրբեջանցիներ, որոնք վերջին տարիներին անարգել գալիս էին Երեւան: Հարցեր, որոնց պատասխանը տալու են ոչ միայն նրանք, որոնց լուսանկարներն արդեն ֆիքսված են, այլեւ՝ այսօրվա ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Փաշինյանի մանկության ընկեր ոստիկանապետը, որը վերջին շրջանում պարտադիր ներկա է գտնվում վարչապետի ընտանեկան բոլոր միջոցառումներին ու առիթներին եւ, հավանաբար, ուրախ է, որ այդքան մտերմացել է նրա հետ, թերեւս մոռացել է, որ բոլոր իշխանություններն անցողիկ են: Իսկ Փաշինյանի իշխանության ժամանակը կարող է շատ կարճ լինել: Դրանից հետո գալու է մեծ պատասխանատվության ժամանակը: Եվ ինչպես Սերժ Սարգսյանից հետո հիշեցին ու գնացին բոլորի ետեւից, այնպես էլ գնալու են այսօրվա պաշտոնյաների ետեւից։ Այնպես որ, ակնհայտ է՝ Վահե Ղազարյանը մտել է մի ծանր բեռի տակ, որից դուրս գալը բավականին դժվար է լինելու: Նրան չեն օգնելու անգամ աստղաբաշխական թվերով այսօրվա պարգեւավճարները…»:
Վահե Ղազարյանի օրոք ընդդիմադիրների նկատմամբ մի քանի անգամ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որոնց արդյունքում մարդիկ անդամահատվել են: Դրանք կիրառվել են անթույլատրելի տեղում եւ ձեւով: Նրա օրոք ոստիկանը դարձավ ժողովրդի արյամբ «համեմված» հաց ուտող…Այդ ամենի դիմաց Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցն ստանում էր աստղաբաշխական գումարներ, պարգեւավճարներ:
Ինչպես տեսանք, Փաշինյանն անգամ իր մանկության ընկերոջը, իրեն «անմնացորդ» նվիրված Ղազարյանին պաշտնից հեռացրեց: Էական չէ՝ դա պյամանավորված ներկայացում է, թե ոչ: Պաշտոնից, այն էլ նման «յուղալի» պաշտոնից ազատվելը ծանր բան է…: Բայց, ինչպես ասում են՝ պաշտոնը մի բան է, որ մի օր ձեռքումդ է, մի օր… չգիտես՝ որտեղ…
Վահե Ղազարյանը երկար ժամանակ կունենա ետ նայելու, խորհելու ու վերլուծելու իր քայլերն ու արարքները: Բայց…դեռ հայտնի չէ, թե՝ որտեղ կունենա այդ ժամանակը…
Նաիրա Վանյան
