«Խաթարվեցին Ռուսաստանի առաջնորդին մեկուսացնելու ջանքերը»,- Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ ասելով, որ այն բացել է «Պանդորայի արկղը»։ Երեկոյան իր ելույթում նա, ով մեծապես ապավինում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությանը, ասաց, որ երկու առաջնորդների միջև զրույցը խաթարեց Ռուսաստանի առաջնորդին մեկուսացնելու ջանքերը:

«Այժմ կարող են լինել այլ խոսակցություններ, այլ զանգեր: Պարզապես շատ խոսքեր: Եվ սա հենց այն է, ինչ Պուտինը վաղուց էր ցանկանում. նրա համար չափազանց կարևոր է թուլացնել իր մեկուսացումը»,- ասել է նա:

«Շոլցի եւ Պուտինի միջև հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ», ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը, հավելելով,  որ Շոլցը դատապարտել է «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը»՝ զրույցի ընթացքում՝ կոչ անելով Պուտինին դադարեցնել այն՝ դուրս բերելով զորքերը:«Կանցլերը կոչ է արել Ռուսաստանին պատրաստակամ լինել բանակցել Ուկրաինայի հետ՝ նպատակ ունենալով հասնել արդար և կայուն խաղաղության, և ընդգծել է Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», — ասել է խոսնակը։

Զանգից հետո պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը Գերմանիայի կանցլերին ասել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ցանկացած պայմանավորվածություն պետք է արտացոլի «տարածքային նոր իրողությունները»: Նա հավելել է, որ ցանկացած գործարք պետք է ճանաչի Ռուսաստանի անվտանգության պահանջները, ներառյալ այն, որ Կիևը հրաժարվի ՏԱՏՕ-ին միանալուց :