Հայի ամեն մի սերունդ իր բաժին ավերիչ երկրաշարժն ու պատերազմն է ունենում:
Իմ կյանքի ամենաերջանիկ, ամենաերազած, բաղձալի, պատմական օրը, որին սպասել էի ավելի քան 700 տարի՝ շոշափելի, հողեղեն հաղթանակ:
1994 թվական, մայիսի 28, Սևանի թերակղզի, նախագահական հանգստավայր: Առաջին անգամ վերջին յոթհարյուր տարում մեր, անկախ երկրի, անկախ Հայաստանի պրեզիդենտը՝ նախագահը / լավ, ասենք՝ Հայաստանի թագավորը/ պարգևներ, կոչումներ ու մեդալներ էր տալիս իր անկախ երկրի <<ագրեսոր>> բանակի հաղթանակած զինվոր-սպա-հրամանատարներին: Հազարամյակ ի վեր առաջին անգամ հայ զինվորը ոչ թե բարոյական, այլ շոշափելի, հողեղեն հաղթանակ էր տարել, հայրենի հող էր ազատագրել:
Բա պարգևատրման վայր-տեղանքն ինչ տրամադրող էր ու պատմառազմահայրենասիրական. մի կողմում ժայռապատկեր էր հինավուրց եկեղեցու ստորոտում, մյուս կողմից ծփում էր կապուտաչյա Սևանը: Ժայռի հատվածում, փոքրիկ ծերպերին հրաշքով հայտնվել էր հայոց այրուձին՝ երկար թիկնոցներով ավտոմատավոր երեք ձիավոր, Իսկ Սևանա լճի կոհակներին, Գեղամա լեռների դարավոր հայացքի ներքո, օրորվում էր ոստիկանության նոփ-նոր ներկած նավը, ոստիկանության խրոխտ հատուկ ջոկատայիններով՝ ի հիշեցումն հայոց արքայի փառապանծ նավակատորմիղի: Էս փոքրիկ թատերայնության մեջ էնքան ողբերգականություն կար, էնքան լայն ժպիտ, պատանու հպարտություն կար ու ծերունու պատմական հիշողություն: Ավելի քան հազար տարի առաջ հենց այստեղից սկսվեց Հայաստանի անկախության նվաճումն ու Բագրատունյաց տերության վերականգնումը: Մաշտոցի գերեզմանին երդված և իր արքային օգնության շտապող Գևորգ Մարզպետունին ընդամենը մի քանի տասնյակ զինյալ ուներ, իսկ շահնշահ, այսինքն՝ արքայից արքա Աշոտ Երկաթը արաբ Բեշիրի բազմաքանակ զորքին ջարդուփշուր արեց հարյուրյակի չհասնող զորախմբով՝ 11 նավակով, գործի դնելով իր հնարամտությունն ու զորավարական տաղանդը, անպարտելի աղեղնավորներին ու արշալույսի թեք ճառագայթները: Եվ Հայոց թագավորները շարունակեցին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, քանի դեռ միասնություն կար հայոց աշխարհում:
Խտացած հազարամյակ
Կարծես սովորական իրադարձություն լիներ, դեռ չկար այսօրվա հանդիսավորությունը, ճոխությունը, ամեն ինչ ասես մի քիչ տնական լիներ՝ առօրեական: Չնայած ներկա էր հայաստանաղարաբաղյան ամբողջ ընտրանին: Բայց դա միայն առաջին հայացքից: Որովհետև դա միայն օր չէր, դա մի մեծ խորհուրդ էր՝ վայրկենացած հազարամյակ:
Ու էդ վայրկյանը մեզ հաստատ նվեր չեն տվել: Դա մենք վաստակել ենք: Անցած չորս տարիները, դեռ մի բան էլ ավելին, անցել էին աչքիս առաջ, խլելով ու պարգևելով, տանելով կյանք ու առողջություն, տալով՝ հաստատակամություն, հպարտություն, վստահություն, հայրենիքի զավակի, զինվորի, տիրոջ, մատաղացու գառի՝ մահապարտի, պատրաստակամություն ու գիտակցություն:
Բարոյական հաղթանակների դառը պտուղների հիշողությունն ու տիեզերական երանությունը՝ հայրենիք ենք հետ բերել
Ամեն անգամ երբ հիշում եմ այդ օրն ու ինձ համակած իրարամերժ զգացողություններս, չեմ դադարում զարմանալուց, թե ոնց դիմացա ուրախության ու հպարտության այդ գերհզոր ալիքին, ինչ ալիք՝ ալեկոծությանը, հրաբուխին: Էհեյ, հայոց հին ու նորեր, նվիրյալներ, երազողներ, ողբասացներ, սպարապետներ, թագավորներ, գրողներ, բանաստեղծներ, նահատակներ, պատմիչներ, հայեր… էս արցունքները միայն իմ ուրախությանը չեն, սրանք ձեր բոլորինն են: Մտովի բոլորին հավաքել էի շուրջս՝ կիսեք հետս ուրախությունս, ամբողջ աշխարհին կհերիքի, ինչքան ենք երազել: Մեր սերընդին հաջողվեց. անկախ Հայաստանի առաջնորդը հողեղեն հաղթանակ տարած զորքին պարգևատրում է՝ հայրենիք ենք հետ բերել: Զոհերով ու արյունով, զրկանքներով ու կորուստներով: Կյանքում էլ երբեք այդքան շատ երջանկությունից արտասվող տղամարդ չեմ տեսել:
Պատերազմի ժամանակ հոդված ու հաղորդում պատրաստելիս ուղեղս անընդհատ շիկանում էր մի սևեռուն գաղափարից, մի հետապնդող մտքից՝ տղերք, եկեք էնպես կռվենք, որ գոնե մենք արդեն մեր էրեխեքին կիսատ կռիվ ու դարդ, պարտադրված վրեժ ու կորստի անանց ցավ չժառանգենք: Էդ մի քանի տարվա մեջ ասես մեր ամբողջ պատմությունը խտացավ. Շատ քիչ էր մնում էլի խոշոր բարոյական հաղթանակ տանեինք, բայց միավորվեցինք: ոնց էինք իրար միս ուտում, նույնիսկ… Բայց միասնությամբ հաղթանակ կերտեցինք: Ադրբեջանցիներն իրար դեմ ելան, նույնիսկ տանկերով ու տանուլ տվեցին: Թող իրենք խոստովանեն, որ տանուլ տվեցին, իսկ մենք հպարտանանք, որ հաղթեցինք մեզնից հարուստ, բազմաքանակ, լավ զինված, հզորազոր մեծ եղբորով հակառակորդին՝ տալով քաջության, տղամարդկության, արժանապատվության դասեր:
94 թվականի մայիսի 28-ին ես ՆԳՆ լրատվական վարչության պետն էի, իսկ այդ ժամանակ միլիցիան և բանակի հիմքն էր/ առաջին գունդը, ՄՕՀՋ-ը, Հատուկ ջոկատը, ներքին զորքերը, ՊՆ-ի շատ կադրեր/, և հենարանը/ պահում էին սահմանամերձ գյուղերը, Լաչինը, Ֆիզուլին, Հորադիզը/, և թիկունքը/ չմոռանանք, որ քաոսից կայուն երկիր կերտվեց, հանցավորության իններորդ ալիքը սանձվեց/, նաև այդ միջոցառման համակազմակերպիչը /ականջդ կանչի Վանո Սիրադեղյան/:
Ես պատերազմը ներսից ու դրսից եմ տեսել՝ սկսած փողոցային անկարգություններից, կրակահերթերից, Երասխավանի <<հերոսամարտից>>, բոլոր սահմանամերձ բախումներից, Արծվաշենից, <<Կոլցո>> օպերացիայից, Բերդաձորից, Գետաշենից, Մանաշիդից, Շահումյանից, Մարտակերտից մինչև Վանք, Շուշի ու Քելբաջար, Հադրութ, Մարտունի, Ֆիզուլի, Հորադիզ ուԱղդամ: Օմարի սառը շունչը ռունգերիս խորը հիշողության մեջ է: Երևանից պատերազմը զգացվում էր ճանապարհային երթևեկության վատթարացմամբ, վետերոկներից հնչող կրակահերթերով, ասֆալտի ֆիդայիների դվիժենիներով, ավտոառևանգումներով, գիշերային հաշվեհարդարներով, հատուկենտ բանակի քեֆերով ու զրկանքով, սովորական դարձած թաղումներով: Երևանից պատերազմը լավ չէր երևում: Ինձ ահավոր սպանում էր կոնտրաստը՝ այնտեղ տղաները դիրքերում կիսասոված, շաբաթով բաղնիքի երես չտեսած, կյանքի ու մահվան սահմանագծին, վախի ու քաջության նոպաները հերթով հաղթահարելով, կնոջ հոտը իմ տարած գունավոր ամսագրերից առնելով, անտրտունջ ծառայում էին, երբ հետ էի գալիս, ամաչում էի մնացածի համար ու փոխարեն՝ վետերոկներ ու պառնոյներ, գեղեցիկ կանայք, խորտիկներ համեղ: Ու անպայման՝ մեր հերոս տղերքի կենացը: Պատերազմի երկու երեսը: Հիշում եք կինոյից Ֆրունզիկի սև թուղթ ուտելը: Իմ վիճակը դրանից ծանր էր. Ոչ ջարդած կողերս, ոչ ջարդուխուրդ ատամներս, ոչ ծռված մատս, ոչ ապրած վախերս ու այլ մանր մունր վնասվածքներս ինձ այնքան չեն ցավացրել, որքան այդ անվերջ թվացող թաղումները. բացի ընկեր, ծանոթ, հարևան կորցնելուց, ի պաշտոնե կազմակերպում էի նաև պաշտոնական թաղումների նկարահանումները: Ոչ հնարավոր էր այդքան խմել և ոչ էլ տանել այդքան ցավը. զոհվածները հիմնականում երիտասարդներ էին՝ սևազգեստ երիտասարդ կին, կարմրած աչքերով երեխաներ, վշտից կորացած ծնողներ, քույր-եղբայր-հարազատներ-ընկերներ: Ամեն անգամ համարյա նույն պատկերը՝ պատվո պահակներ, ժպտացող երիտասարդի սևաժապավեն լուսանկար, մեդալներ, վշտաբեկ հարազատներ ու համազգեստով զինակիցներ, բազմամարդ գլխահակ երթ, ծաղկեպսակներ, հրաժեշտի արցունք քամող խոսքեր, դեմքեր, դեմքեր, դեմքեր ու պատվո համազարկ:Ինչքան էլ որ սովորեցի, սովորական չդարձավ. Ամեն անգամ իմ երեխաներն էին որբանում, իմ ծնողներն էին աչքիս առաջ հալվում, ամեն մեռնողի հետ մեռնում էի: Ամենասարսափելին այդ վերջին պատվո համազարկն էր: Վայրկյաններով գիտեի ու տեսնում էի, որ հիմա կրակահերթը պիտի լինի, բայց միշտ, ասես անակնկալի գայի՝ ամբողջ մարմնով ցնցվում էի, ու կրակոցներն իմ միջով էին անցնում՝ Էդքան հզոր տղա թաղած կաս:
Բանակը մենք ենք, մենք ենք բանակը
Դա էր փրկագինը մեր անկախության, մեր հաղթանակի, մեր փրկության: Թող ոչ մեկին չթվա, թե պատերազմը սոսկ հերոսական խրոխտ քայլերգ է: Վերջացան Գևորգ Մարզպետունու 20 հոգանոց, Աշոտ Երկաթի 100 հոգանոց, Վազգեն Սարգսյանի 350-500 հոգանոց մահապարտների հաղթական կռիվները:
Հիմա մեր առջև էլի նույն, բայց ավելի հարուստ, ավելի զինավառ, ավելի բազմաքանակ հակառակորդն է, աշխարհի պորտն էլ ոնց որ էլի տեղաշարժվել է ոնց որ հարյուր տարի առաջ: Միայն Հատուկ ջոկատայինով ու մահապարտով գլոբալ խնդիր չես լուծի: Ամբողջ ազգը-պետությունը պիտի բանակ դառնան, մենք բոլորս պիտի մի բռունցք-բանակ դառնանք: Վախենալ-փախնել չկա: Մեր զոհված տղերքի գերեզմանները վկա՝ փախնողը կփոշմանի: Կասկածում եք, որ կհաղթենք: Մի կասկածեք: Մենք ավելի հզոր ենք: Միայն թե միասնություն է պետք, ամուր թիկունք, վստահություն, փոխվստահություն է պետք: Էս մանր մունրը թարգեք, ցունամիի ալիքը գլխներիս է կախվել: Այսօր ու վաղը մեր կռիվը չի ավարտվելու, ցավոք: Մեր սերունդը, որ իր երեխաների անվտանգության համար կռվեց, պատրաստ է նաև թոռների համար կռվելու: Բայց այս տարիների ընթացքում մի շատ ցավոտ բացահայտում արեցի՝ հայի ամեն մի սերունդ իր բաժին ավերիչ երկրաշարժն ու պատերազմն է ունենում: Այնպես որ, պատրաստվածությունը մեր առօրյան պիտի դառնա, անվտանգության մշակույթը՝ հաց մեր հանապազօրյա: Կա միջազգային փորձը, կա մեր սեփական քերծած ծնկներով ձեռք բերած փորձառությունը: Մի լավ ասացվածք կա՝ ամենալավ ուսուցիչը փորձն է, ճիշտ է թանկ է վերցնում, բայց չափազանց հանրամատչելի է բացատրում: Բա էսքան թանկ վճարելուց հետո ձեռք բերած փորձով ոնց կարելի է հերթական փորձությունը փորձանքի վերածել:
Լավ, ոնց կոչնակ հնչեցնեմ, երկիրս համերաշխություն է երազում, վստահություն, արդարություն, արժանապատվություն, արժանապատիվ բարեկեցություն, անվտանգություն:
Պատերազմի պատրաստվող երկրի հիմնաքարերն ու կրող պատերը պիտի ամրացվեն, ոչ մի փուչ գերան, ճաքած քար, փտած հենասյուն: Բարեփոխումներն այլընտրանք չունեն: Բանակը միայն ՊՆ-ն չէ, ամբողջ տնտեսությունն է բանակը, գիտնականն ու գյուղացին, լրագրողն ու ծրագրավորողը, մենք ենք բանակը՝ ողջ ազգը, ամբողջ աշխարհում:
Նիկոլայ Գրիգորյան
