Իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. ընդդիմադիր պատգամավոր

Բյուջեի հարկային ծրագրված մուտքերը թերակատարվում են շուրջ 8 %-ով, կամ 150 մլրդ դրամով և սա այն դեպքում երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 %։ Այսինքը՝ իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը,  իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարությունների ֆոնին մեծանում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը։

«Բյուջեի քննարկման ամփոփ պատկերը նույնն է․ օրվա իշխանությունը նորից խոստանում է՝ երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում»,-ասել է Թադևոս Ավետիսյանը:

Նա նշել է, որ  հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ են և ռիսկեր։

«Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։ Ասենք օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում պատերազմի սպառնալիքը օդում կախված:

Հարկ վճարողը հռչակվում է հերոս՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով: «Նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Թադեւոս Ավիտիսյանը հայտարարել է, որ 2022—2024-ի սկիզբ թռիչքաձեւ աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ժամանակավոր գործոնների դրական արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց. «Այս գործոնների դրական ազդեցությունը թուլանում է, դրան զուգահեռ 2024-ի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025-ի համար խոստացված 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում նույնիսկ լավագույն սցենարի դեպքում կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ»,-ասել է նա: