Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է 2026 թվականին. ԱՆ

Առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի կառավարության ծրագրի համաձայն։ Այս մասին այսօր, նոյեմբերի 13–ին, ԱԺ-ում  հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նշված է կառավարության ծրագրում ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականը, այսինքն, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք, և բոլոր խոստումները իրականացնելու ենք։ Մենք ունենք մոդելի, օրենսդրական փաթեթի կառուցվածքի մասով կոնսենսուս, և առաջիկայում օրենսդրական փաթեթը կգա խորհրդարան», – ասել է նա։

Անահիտ Ավանեսյանը հավաստիացրել է, որ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքերն արդեն իսկ նախորդ տարվանից մեկնարկել են, և այն փուլային է լինելու։  «Առաջիկայում կստեղծվի նաև հիմնադրամը, որը կսկսի նախապատրաստական աշխատանքների կարևորագույն փուլը. Որակի բաղադրիչի իրականացման, ենթակառուցվածքների ապահովման, և ծառայությունների ծավալի ապահովմանը զուգընթաց ես վստահ եմ, որ 2026 թվականին, մեր ժամկետների մեջ, ապահովագրական համակարգը ներդրված կլինի», – ասել է նախարարը։

Խոսելով հաջորդ տարվա առողջապահական բյուջեի մասին, նախարարը նշել է, որ այդ բյուջեով նախատեսված առողջապահական ծախսերը «մեր երազանքների արտահայտումը չեն»։ Նա հավելել է, որ մեծամասամբ այդ միջոցները ուղղվելու են օֆերտայի ծրագրի շրջանակներում քաղաքացիների բուժսպասարկմանը։ «Օֆերտայի ծրագիրը նաև շատ կարևոր նշանակություն ունի ապահովագրության ներդրման համար, և հաջորդ տարի էլ մենք, ինչքան որ մեր դիմելիությունը լինի, այդքան էլ պետությունը պարտավորվում է դրանք փոխհատուցել և սպասարկել», – ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել էր, որ 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:

«2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասել էր նա:

Նշենք, որ Կառավարության ծրագրով առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է մեկնարկեր 2024 թվականի հուլիսից, ապահովագրական հիմնադրամի ստեղծումով, ինչը չի եղել։

2025թ.-ին պետության կողմից ծրագրում պետք է ներառվեին թոշակառուները, ովքեր պիտի կօգտվեին փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին պիտի լինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։