Մեր երկրում վերջին տարիներին ակնհայտ կերպով աճել է թմրաշրջանառությունը։ Ըստ տարածվող վիճակագրության՝ թմրավաճառների թիրախում պատանիներն ու երիտասարդներն են։ Նկատենք, որ վերջին տարիներին ակտիվ թափ հավաքած թմրաշրջանառության առաջնային թիրախում դպրոցահասականերն ու անչափահասներն են։ ՀՀ-ում նախկինում երբեք անչափահասը չի եղել թմրավաճառների նշանառության տակ, բայց արի ու տես, որ իրավապահները, որոնք պարտավոր էին հսկել իրավիճակն, այսօր իրենք են հայտնվել նույն խնդրի կիզակետում։ Անցած տարի հրապարակվել էր ՔԿ-ի քննիչների վերաբերյալ վիճակագրությունը, իսկ օրեր առաջ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱԺ-ում հայտարարել էր՝ 47 ոստիկանի են հեռացրել համակարգից՝ թմրանյութ օգտագործելու պատճառով, ընդ որում չմանրամասնելով՝ ովքեր էին այդ մարդիկ՝ հասարակ ոստիկաններ, թե պաշտոնատար անձիք։
« Ցանկացած ոստիկան, մինչև ատեստացիա անցնելը, պարտադիր պայման է՝ անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը և արդեն ունենք դեպքեր, երբ ոստիկաններ են հեռացվել համակարգից: Թվով 47 ոստիկանի ենք հեռացրել՝ թմրանյութ օգտագործելու պատճառով»,- լսումների ժամանակ ասել է Ղազարյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այս խնդրին ասել է, որ 2018-ից հետո աջ ու ձախ են տարածված թմրամիջոցները։ Սրանք, Ադիբեկյանի խոսքով՝ փողոցից ներթափանցել են ընդհուպ ՀՀ-ի կարևորագույն օղակներ․ Կառավարությունից մինչև ՆԳՆ։ «2018 թվականից ի վեր 5-7 անգամ աճել է թմրամիջոցների կիրառելիության ու վաճառքի դեպքերը։ «Նախկինների» ժամանակ անհնարին էր, որ նման թվեր արձանագրվեին»,- ասել է Ադիբեկյանը։ Բացի այդ, նրա կարծիքով՝ այստեղ մեկ այլ պատճառ էլ գոյություն ունի։ «Եթե նրանք 47 հոգու հեռացրել են այս խնդրի պատճառով, հավաստիացնում եմ՝ այս թիվը կարող եք բազմապատկել 1000-ով և կստանաք այն իրական պատկերը, որը ոստիկանական համակարգում է տիրում» ,- ընդգծել է նա՝ չբացառելով, որ այս ոստիկանները հնարավոր է, որ պաշտոնանկ են արվել ավել-պակաս չխոսելու ու չհանրայնացնելու այն հրամանները, որոնք ստացել են։ «Վահե Ղազարյանին խորհուրդ կտամ՝ թմրամիջոցներ օգտագործելու համար մարդկանց գործից ազատելու փոխարեն բռնեն այն մարդկանց, որոնք զբաղվում են թմրանյութերի տարածմամբ։ Խնդրին այստեղ հենց ներմուծողներն ու վաճառողներն են» ,- ասել է նա ու հավելել՝ վերջին շրջանում չի հիշում մի դեպք, որով լուրջ գործ կբացի թմրանյութ վաճառողների դեմ։ Ադիբեկյանը նկատել է՝ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի նաև գիշերային ակումբներին, որտեղ առավելապես է իրականացվում այդ առեվտուրը։ « «Ապագան» եկել է» ,- եզրափակել է Ադիբեկյանը։