Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Աժ նիստերի դահլիճում եւս մեկ անգամ տեղի ունեցավ ընդդիմություն-Փաշինյան լեզվակռվի հերթական «ռաունդը», որն ավարտվեց Փաշինյանի հերթական հաղթանակով: Ընդդիմադիր պատգամավորները նորից հնարավորությունների մեծ հարթակ ստեղծեցին Նիկոլի ու իր խմբակի համար՝ իրենց «տապալելու» գործում: «Միամիտ» ընդդիմադիր պատգամավորները, պարզվում է՝ դեռ հույս ունեին, որ ՔՊ-ականների հետ կարող են քննարկել ու քվեարկել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ որեւէ հարց: Մինչդեռ, դրան ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց.«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա և դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, դա արդեն ձեր սուբկյեկտիվ ընկալումն է»։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, ասաց.«Օգտագործելով «թքած ունեք» բառը՝ Դուք արհամարեցիք այս ամբիոնը։ Ավելին՝ Դուք արհամարում եք պառլամենտական երկրի՝ սեփական ժողովրդրի ձայնը հասցնելու չափազանց կարևոր պարտականությունը։ Դուք մեղադրում եք ընդդիմությանը մի բանի մեջ, որը ոչ միայն իրական չէ, կեղծ է, այլ նաև մոռացել եք, թե քանի անգամ ենք նախաձեռնել նույն գերեվարված անձանց հարցերի հետ կապված հարցերը, իսկ դուք եծամասնությամբ մերժել եք ․․․ Ինչ առաջարկել ենք՝ մերժել եք»։
Հիմա հարց Արծվիկ Մինասյանին.«Եթե ինչ առաջարկում եք, մերժում են, բա ինչու՞ եք նորից առաջարկում, եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք…»
ՔՊ–ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:
Երեկ առանձնապես ակտիվ էին «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանք էլ խոսում էին շատ նուրբ ու «անշառ» հարցերից. կարծես թե մեր երկրի ամենամեծ մտահոգությունները այս պահին բուհական անարդար ընտրություններն են, չվերանորոգված թանգարանները, տրանսպորտի սակագնի բարձրացումը, տիեզերք ուղարկված արբանյակը, Սնուփ Դոկի չկայացած համերգը, հեծանվարշավները, ֆեստիվառները, սոցիալական խնդիրները, եւ այլն… եւ այլն…
Հետո եկավ՝ Փաշինյանի բնութագրմամբ՝ «կոմֆորտ» հարցերի մյուս «փաթեթը»: Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը Փաշինյանին ուղղեց բարոյահոգեբանական բնույթի հարց՝ արդյո՞ք նա գիտակցում է այն գինը, որը պետք է վճարի Հայաստանը՝ հանուն խաղաղության՝զիջումների արդյունքում:
Արմեն Ռուստամյանը հիշեցրեց կառավարության ծրագրերը՝ կապված Արցախի հետ եւ հարց ուղղեոց Փաշինյանին, թե՝ ի՞նչ հիմունքներով է ստորագրելու խաղաղության պայմանագիրը:
Փաշինյանը նախ ասաց, որ Ռուստամյանի հարցն ամեն անգամ կրկնվում է: Հետո նման հարցերը բնութագրեց որպես «կոմֆորտ» ու անցավ հարձակման. սկսեց ՀՀ-ի, Արցախի եւ բանակցային ողջ պատմության խեղաթյուրումը, յուրովի մեկնաբանումը, Արցախի հանձնման մեղքը բարդել Արայիկ Հարությունյանին հաջորդած եւ Արցախը մեկ շաբաթ նախագահած ղեկավարի ու նրա քաղաքական հենարանի վրա: Նորից հիշեց մեր «չկառուցված» խրամատները, 2016-ին իր «հերոսական» ջոկատի «ռազմաճակատ» մեկնելը: Իրեն բնորոշ լաչառությամբ սկսեց արցախցիների ու հայաստանցիների մեջ սեպ խրել, ասելով, թե Արցախի ժողովուրդը այստեղի ընդդիմադիրներին պետք էին որպես «ցույցի» մատերիալ: Հավաստիացնում էր, թե ինքն ուզեցել է պահել Արցախը, ընդդիմադիրներն այն դատարկել են, որ գան այստեղ ցույց անեն: Մի խոսքով՝ մտավ իր դերի մեջ ու նորից Հ1-ի լայն լսարանին լսելի դարձրեց իր թեզերը՝ Արցախը նախկիններն են տվել…
Ընդդիմադիր պատգամավորները, բնակնաբար, չէին կարող լաչառության հարցում հաղթել լաչառության ռեկորդակիր Նիկոլին: Նրանք հերթական անգամ պարտվեցին: Եւվ դա արժանի պարտություն էր, քանի որ իրենք իրենց ներկայութամբ, արդեն, Նիկոլին տալիս են խոսելու, արտահայտվելու, արդարանալու եւ հասարակության առջեւ մեղքերից «ազատվելու» հնարավորություն: Եւվս մեկ անգամ փաստվեց, որ այս ԱԺ-ում ընդդիմության ներկայությունը բխում է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի շահերից…
Նաիրա Վանյան
