Ֆրանսիան Ուկրաինային հրթիռներ կմատակարարի Ռուսաստանի վրա հարձակումների համար

Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել SCALP հրթիռների լրացուցիչ խմբաքանակ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Միստրալ» հրթիռներ։ Այս մասին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են արկեր հասցնել Կիև՝ «առաջնագծից դուրս հարձակումների համար», ինչպես խոստացել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիին։

Ֆրանսիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Փարիզը կշարունակի օգնել Կիևին, ինչը, ըստ նրա, պետք է թույլ տա Ուկրաինայի իշխանություններին դիտարկել որոշ «քաղաքական լուծումներ»։