Թե ինչպես Ջորջ Սորոսը «եկավ» Հայաստան

 

Եվ այսպես, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1997-ին «մտավ» նաեւ Հայաստան…ու «սորոսիզմը» սկսեց ծիլեր տալ այստեղ: Այն եկավ սիրուն ու գունեղ «ժապավեններով» փաթեթավորված. ժողովրդավարությու՜ն, մարդու իրավունքնե՜ր, խոսքի ազատությու՜ն, ազատ ընտրություննե՜ր, բնության պահպանությու՜ն, կոռուպցիա դեմ պայքա՜ր…այլն նման արժեքավոր ու կարեւոր բաներով, որոնց մասին երազում է ցանկացած երկրի շարքային քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներն էլ բացառություն չէին: Հայաստանը, ինչպես որեւէ ետխորհրդային երկիր, զերծ չէր կոռուպցիայից, խոսքի ազատության բռնաճնշումներից, ընտրությունների կեղծումից եւ այլն: Հետեւաբար, այս հիմնադրամի կողմից սնվող կազմակերպությունների, անհատների ու լրատվամիջոցների առաջ քաշած կարգախոսները գրավիչ էին: Հայաստանում հաստատվեց Սորոսի գրասենյակը՝ «Բաց հասարակության հիմնադրամները»: Այն սկսեց ֆինանսավորել հայկական տասնյակ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների: Ըստ գրասենյակի տվյալների, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դրանք ստացել են ավելի քան 53 միլիոն դոլարի դրամաշնորհ:

Այդ լրատվամիջոցներին ու հ/կ-ներին մեղադրել դավադրության մեջ, տեղին չէ, քանի որ նրանցից շատերը ոչ թե նպատակ ունեին դառնալ օտարերկրյա կազմակերպության գործակալ, այլ կարիք ունեին ֆինանսների եւ իրենց խոսքի իրավունքի պաշտպանության: Շատ լրատվամիջոցների ու հ/կ-ների համագործակցությունը այս գրասենյակի հետ հետագայում դադարեցվեց: Ոմանք էլ շարունակեցին գործակցությունը  եւ մինչ օրս շարունակում են «Սորոսի» պահանջած քարոզչությունը տանել:

Մինչ Հայաստանում ծլում-ծաղկում էր սորոսիզմը, 2014թ-ին Ադրբեջանում փակվեց «Բաց հասարակություն հիմնադրամի» գրասենյակը: Պաշտոնական Բաքուն մեղադրում էր ԱՄՆ-ին՝ Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ: Հիմնադրամի գործունեությունը արգելված է նաեւ Թուրքիայում ու ՌԴ-ում:

Գրասենյակի կողմից սնվող հ/կ-ները ակտիվորեն արձագանքում էին Հայաստանում տեղի ունեցող կարեւոր ու անկարեւոր ամեն մի իրադարձության. ընտրություններին ահազանգում էին ընտրախախտումների մասին, բանակում տեղի ունեցող ամեն միջադեպի շուրջ մեծ աղմուկ էին բարձրացնում, ամեն հատվող ծառի համար կոկորդ էին պատռում՝ թե եկե՜ք, հասե՜ք, մեր բնությունը փչացնում են: Պայքարում էին տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, քաղաքացու իրավունքների ոտնահարման դեմ:

Մի խոսքով՝ «լավ-լավ» բաներ էին անում ու արժանանանում հասարակության «համակրանքին»…Սորոսական լրատվամիջոցների թիրախում էին գործող նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Լուն փիղ դարձրած ներկայացվում էր նրանց ղեկավարած համակարգերի կուռումպացված իրավիճակը: Իսկ այդ համակարգերն, իսկապես, կոռումպացված էին, այնպես, ինչպես, գրեթե, բոլոր երկրներում, բայց ոչ այնքան շատ, Հայաստանում՝  ինչպես Փաշինյանի իշխանության օրոք: Այդ լրատվամիջոցների թիրախում էր նաեւ Ռուսաստանը: Գովաբանվում  էին արեւմտյան արժեքները…

Շարունակելի…

Նաիրա Վանյան

Լուսանկարը՝ YEREVAN.TODAY-ի