Սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։
Դեռ հունիսին Sputnik Արմենիան-ն գրել էր, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիության հետ կապված խնդիրներ կունենան։ Հիմնական ճանապարհն անցնում էր նախկին Խերիմլի գյուղով, որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։
Այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ հարցին կարելի է անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո։
Ավելի ուշ նախարարությունից հայտնել են, թե —
«Այս պահին լուծում չկա»:
Գյուղացիները չեն շտապում այդ հողերը մշակել անվտանգության խնդիրների պատճառով։ Մի կողմից նրանք մտավախություն ունեն, որ նոր սահմանին հայտնված հատվածները կարող են ականապատվել։ Մյուս կողմից` սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները շատ մոտ են դիրքավորվել` նախկին հարևան Խերիմլի գյուղի տարածքում, անմիջապես այդ հողամասերի հարևանությամբ։
Հողատերերից ոմանք սահմանազատում/սահմանագծումից հետո այնտեղ առհասարակ չեն գնացել։
Ավելին, այդ տարածքներ այցելելը խնդրահարույց է նաև հայաստանցի սահմանապահների հետ համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։
