Հրեական ջարդ Ամստերդամում. Իսրայելը նախազգուշացրել է Նիդեռլանդներին, բայց…

Նոյեմբերի 8-ին, Իսրայելի Սփյուռքի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, երեք տարբեր ահազանգեր է ստացել Ամստերդամում իսրայելցիներին սպառնացող վտանգի վերաբերյալ:

Իսրայելական Details-ը գրել է, որ նախարարությունը նախազգուշացումները փոխանցել է Շին Բեթին և Թել Ավիվի վարչապետի գրասենյակին, որոնք իրենց հերթին փոխանցել են տեղական հոլանդական անվտանգության ուժերին, ովքեր պատասխանատու են երկրպագուների անվտանգության համար։

Չնայած դրան՝ իսրայելցիների վրա հարձակումներից խուսափել չի հաջողվել։ «Ժամը 02:30-ին իրադարձությունները դուրս են եկել վերահսկողությունից, և, ցավոք, տեղի ուժերը չեն կարողացել իրականացնել իսրայելցի ֆուտբոլասերներին պաշտպանելու իրենց առաքելությունը»,- ասված է սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ։

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 62 անձի է ձերբակալել։

Մինչդեռ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն տասը մարդ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հինգը հոսպիտալացվել են։

ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ նախարար Գեդեոն Սաարը շտապ այցով մեկնում է Նիդեռլանդներ։

Առնվազն 10 իսրայելցի վիրավորվել է Ամստերդամում պաղեստինամետ հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է The Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ տվյալներին։

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ամստերդամում գտնվող Իսրայելի քաղաքացիներին չլքել հյուրանոցները։