Չկա ողջամիտ բացատրություն Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը խոչընդոտելուն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։ Այս մասին հաղորդել են միջազգային ԶԼՄ-ները։

Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբերհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։

Նա, հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, ասել է․

«Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։

Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացին և դժգոհել․

«Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։