Նոյեմբերի 3-ին Սուրբ էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ի թիվ ՀԱԵ այլ թեմերի առաջնորդների, եպիսկոպոսության աստիճանի արժանացավ նաեւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը:
Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանից, Արգենտինայի, Ֆրանսիայի և Հունաստանի հայոց թեմերից։

Առանձնապես մեծ ու պատկառելի պատվիրակություն էր ուղեկցում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր վարդապետ Խաչատրյանին. նրա վերաօծման արարողությանը ներկա լինելու համար Հայաստան էին ժամանել Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասը՝ երեք փոխքաղաքապետերի հետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամները՝ եկեղեցու քահանա Տեր Տիրայր Գելեջյանի գլխավորությամբ, հասարակական գործիչներ: 

HayPress.am-ը զրուցում է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ, ով նույնպես պատվիրակության կազմում էր:
— ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի վերաօծմանը մասնակցելու համար Ֆրանսիայից բավականին պատկառելի կազմով պտվիրակություն էր եկել, ազգությամբ ֆրանսիացի պաշտոնյաներ էին եկել: Ինչո՞վ դա պայմանավորված:
— Դա պայմանավորված էր տարբեր հանգամանքներով. նախ՝ ֆրանսիացի պատվիրակների՝ Ալֆորվիլի քաղաքապետի, պատգամավորի, մյուսների մասնակցությունը փաստում է, որ ֆրանսիացիների համար կարեւոր են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական կապերը: Այդ նույն անձինք մշտապես աչքի են ընկել իրենց հայանպաստ ու հայաստանանպաստ քայլերով, գործողություններով: Դա նրանց բավականին դրական վերաբերմունքն է ֆրանսահայերի նկատմամբ: Հայերը Ֆրանսիայում ունեն բավականին դրական վարկանիշ եւ տարբեր ոլորտներում համագործակցում են ֆրանսիացի պաշտոնյաների եւ այլ գործիչների հետ: Իսկ Ալֆորվիլը ամենահայաշատ քաղաքն է Ֆրանսիայում: Պատահական չէ, որ քաղաքապետն այն կոչում է ֆրանսահայերի մայրաքաղաք: Երկրորդ կարոր հանգամանքը Հայր Գրիգորի անձի գործոնն է: Որպես հայ, նա ազգային մարդ է՝ խիստ մտահոգված Հայաստանի եւ Արցախի խնդիրներով: Արցախի պատերազմի ժամանակ, եւ, առհասարակ, նա մեր բոլոր ցույցերին միշտ ներկա է եղել, մեզ հետ հավասար պայքարել է, իր անհամաձայնությունը հայտնել: Նա պատկառելի եւ ազնիվ մարդ է եւ վայելում է թե՛ ֆրանսահայերի, թ՛ե ֆրանսիացիների հարգանքն ու վստահությունը: Այդ հարգանքի դրսեւորումն էր նման պատվիրակության ներկա լինելը իր վերաօծման արարողությամը:
— Ալֆորվիլն ունի երեք հայ փոխքաղաքապետ: Որոշումների կայացման վրա դա ունենու՞մ է իր հայանպաստ ազդեցությունը:
— Հավելեմ, որ քաղաքապետն ունի նաեւ երկու հայ խորհրդական: Ես ներկայացնում եմ ՀՅԴ-ն, որը 1965 թվականից մինչ օրս իր ներկայացուցիչն ունի Ալֆորվիլում: Փոխքաղաքապետերից մեկը Հնչակյան կուսակցությունից է, մյուսը՝ անկուսակցական: Քաղաքապետի հետ մեր աշխատանքը բավականին բարեկամական է, եւ կա մեծ փոխըմբռնում: Պարոն Կարվունասը հայասեր է, մտածում է մեր նման, նույնպես մտահոգ է Հայաստանի ու Արցախի հիմնախնիրներով, գերիների հարցերով, մեզ հետ համագործակցում է, տարբեր դռեր է թակում: Մուրադ Փափազյանի հետ տեղի ունեցածի ժամանակ, երբ արգելել էին մրա մուտքը Հայաստան, մեր քաղաքապետը քննադատում էր նման քայլերը:
Ալֆորվիլը եւ Օշականը քույր քաղաքներ են: Այս այցի շրջանակներում մեր պատվիրակությունն այցելեց նաեւ Օշական, ծանոթացանք նոր քաղաքապետի հետ: Այս օրերին մեզ հետ էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Մենք եղանք նաեւ ՀՕՄ-ի Ախուրյանի կառույցում, այցելեցինք Եռաբռուլ, Ծիծեռնակաբերդ: Այս ամենը բավականին տպավորիչ էր: Մի խոսքով, այս պատվիրակության այցը նունպես կարեւոր էր՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները եւս մեկ օղակով ամրապնդելու:
Նաիրա Վանյան
