Փաշինյանի ատելությունն ու վախերը հայկական սփյուռքից

Փաշինյանի ատելությունն ու վախերը հայկական սփյուռքից

2018թ-ին, երբ Հայաստանում խաբված ու մոլորության մեջ ընկած  հասարակությունը լցվել էր փողոցերն ու «մերժում էր Սերժին», զուգահեռ ակտիվացել էր նաեւ հայկական սփյուռքը. հանրահավաքներ էին կազմակերպում նաեւ տարբեր գաղթօջախների հայերը, Հայաստանի դեսպանատների առջեւ պահանջում նախագահի հրաժարականը: Երբ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, նրա սփյուռքյան այցերը եւ հանդիպումները բավականին մարդաշատ ու ջերմ էին: Պետք է ասել, որ նախկին երեք նախագահներից ոչ մեկին  երբեւէ սփյուռքը այդպիսի ջերմությամբ չի ընդունել, ինչպես ընդունում էր Փաշինյանին: «Հեղափոխական» էյֆորիան շատ մեծ էր…

Սակայն, աստիճանաբար եկավ հիասթափությունների շրջանը. կարճ ժամանակ անց շատերը տեսան Փաշինյանի հակապետական քայլերն ու կանխատեսեցին դրանց հետեւանքները: Իսկ 2020-ի պատերազմից հետո, ինչպես Հայաստանի հասարակությունը, այնպես էլ սփյուռքն ընկավ հիասթափության ու հուսահատության մեջ. իր պահած, շահած, իր միջոցներով կառուցված ու շենացած Արցախը դարձավ Ադրբեջանինը: Խռոված սփյուռքը սկսեց լռել…Իսկ  սա ամենահարմար տարբերակն էր Փաշինյանի համար: Գործի անցավ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սկսվեց թե սփյուռքի պառակտումը  գաղթօջախներում, թե նրա օտարումը Հայաստանից: Սինանյանը հանդիպումներ էր ունենում սփյուռքի տարբեր գաղթօջախներում,  համոզում ու հավաստիացնում էր մարդկանց, որ Արցախը ոչ թե Փաշինյանի պատճառով կորցրինք, այլ՝ «նախկինների»: Ու սկսվեց նախկինների դեմ «խաչակաց» արշավանքի նոր փուլը՝ Արցախի կորստի մեղադրանքով: Գործի անցան Լոսի Քիսոն, սորոսական սնուցում ունեցող լրատվամիջոցները: Սփյուռքի պառակտման հարցում Փաշինյանին օգնեցին նաեւ իր կողմից նշանակված ոչ դիվանագետ դեսպանները: Ու քանի որ, սփյուռքում մեծ դերակատարում ունի դաշնակցությունը, այս կուսակցությունը դարձավ ամենաթիրախային կառույցը, քանի որ Երեւանի փողոցներում այս կուսակցությունը բյուրեղացնում էր  Փաշինյանի հեռացման պահանջը: Կուսակցության առանցքային դեմքերից Մուրադ Փափազյանի ու այլոց մուտքը Հայաստան երկար ժամանակով արգելվեց՝ շինծու պատճառաբանությամբ:

Երբ Արցախը վերջնականապես  հայաթափվեց, եւ Փաշինյանն սկսեց Ադրբեջանին զիջել արդեն նաեւ Հայաստանի սահմանները, սահմանամերձ գյուղերից ու ճանապարհներից առանց դիմադրության տրվեց Ադրբեջանին, սփյուռքի մեծամասնության մոտ այլեւս չաշխատեց նախկինների մեղավորության գործոնը: Հիմա սփյուռքը  մերժում է Նիկոլին ու նրա  ապազգային խմբակին: Արդեն տեւական ժամանակ է Փաշինյանը  չի կարողնաում առանց  միջադեպերի  հանդիպումներ ունենալ  հայկական գաղթօջակներում. նրան ցավոտ հարցեր են տալիս, դավաճան գոռում, լոլիկ շպրտում, անպատվում: Մի խոսքով, հայկական սփյուռքը դարձավ փաշինյանախմբի առանցքային թշնամիներից մեկը:

Դրա վրա մեծ ազդեցություն են ունենում նաեւ Բաքվից ու պաշտոնական Անկարայից հնչեցրած մեղադրանքները հայկական սփյուռքի հասցեին, թե՝ սփյուռքն է միշտ խանգարել հայ-ադրբեջանական հարաբերության բարելավմանը, երկու երկրների միջեւ միշտ թշնամանք եւ պատերազմ է հրահրում հայկական սփյուռքը: Իսկ այս եւ նման այլ հակահայկական մեսիջներին Փաշինյանը  շատ արագ դրական արձագանք է տալիս…

Փաշինյանը ունի նաեւ հայկական սփյուռքից վախենալու իր  անձնական պատճառները. նա վախենում է սփյուռքի պահանջատիրությունից, նրա հետեողականությունից եւ…վրեժից…: Ի վերջո  նա լավ գիտի, որ որ սփյուռքի ծնունդ են Սողոմոն Թեհլերյանը, ով ոչ միայն Թալեաթին չներեց, այլ նրանից առաջ հայ դավաճաններին չէր ներել… Սփյուռքում են ձեւավորվել ՆԵՄԵՍԻՍ-ը,  ԱՍԱԼԱՆ…

Այո, Փաշինյանը շատ է վախենում սփյուռքից…