Եվրոպացի առաջնորդները սպառնացել են Վրաստանին

«Քանի դեռ Վրաստանը չի փոխի իր ներկայիս կուրսը և ջանքեր չցուցաբերի շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես՝ հետ կանչելով վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին»․ — Եվրոպացի առաջնորդները սպառնացել են.

Նաև այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԵՄ ինը երկրների խորհրդարանական հանձնաժողովները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ և պատժամիջոցներ սահմանել «ընտրակեղծիքների համար պատասխանատու» քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո եվրոպացի առաջնորդներից նրան շնորհավորել է միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Միևնույն ժամանակ նա անսպասելիորեն ժամանել է Թբիլիսի, որտեղ հայտարարել է, որ այս հաղթանակը հնարավորություն է տվել «Թբիլիսին անիմաստ պատերազմի մեջ չներքաշել»։ Նա վստահեցրել է պաշտոնական Թբիլիսիին, որ այն կարող է «ապագայում հույս դնել Հունգարիայի ռազմավարական գործընկերության վրա»։

Եվրամիության 13 երկրներից բաղկացած խումբը, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, դատապարտել են Վիկտոր Օրբանի այցը Վրաստան՝ անվանելով «վաղաժամ»: «Նա (Օրբանը) չի խոսում ԵՄ-ի անունից»,- ասվել է նամակում։