Արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվում աշխարհը

Արդյո՞ք արհեստական բանականությունը (այսուհետ՝ ԱԲ) պարգև է մարդկությանը, թե՞ անեծք․ այս բանավեճը արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկվում է և շարունակում է  արդիական մնալ։ ԱԲ-ի «ներխուժումը» մարդկային էկոհամակարգ այլևս անհերքելի փաստ է։ Դրա կիրառելիության բնագավառները բազմաթիվ են և բազմաբնույթ՝ ներառյալ առողջապահությունը, կառավարումը, ռազմական, ֆինանսական և տնտեսական կիրառելությունը, գովազդը, արվեստը և այլն։  Միևնույն ժամանակ ԱԲ-ը, ներթափանցելով տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներ, դառնում է պետության հզորության որոշիչ գործոններից մեկը՝ ազդելով նաև աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԱԲ-ի ոլորտում առաջնորդության ձգտումը ստիպում է պետություններին օրեցօր ավելի մեծ ծավալների ներդրումներ կատարել ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին խթան է դառնում ԱԲ-ի շուրջ ծավալվող մրցավազքի համար։

Ի՞նչ է արհեստական բանականությունը

ԱԲ-ը չունի համընդհանուր սահմանում։ Չնայած նրան, որ այն պայմանավորված է 1940-ականներին էլեկտրոնային հաշվողական համակարգի և արհեստական նեյրոնային ցանցերի առաջացմամբ, այսօր այն վերաբերում է առարկաների, տեխնոլոգիաների և մեթոդների ավելի լայն շրջանակի։ Հակառակ ԱԲ-ի լայնորեն տարածված ընկալման՝ այն այդքան էլ նոր գիտաճյուղ չէ։ Դրա հիմնարար հասկացություններից շատերը հիմնվում են ավելի քան 2000-ամյա փորձի վրա՝ կուտակված փիլիսոփայության, տրամաբանության, մաթեմատիկայի, ճանաչողական հոգեբանության, լեզվաբանության և այլ գիտությունների մեջ: Սակայն, որպես հետազոտությունների կիրառական դաշտ ԱԲ-ը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Արհեստական բանականության դրական և բացասական կողմերը

ԱԲ-ի հնարավոր ազդեցությունների մասին շրջանառվող կարծքիները տարաբնույթ են և աչքի են ընկնում ինչպես լավատեսական, այնպես էլ վատատեսական միտումներով։ ԱԲ-ի օգտակար կողմերից կարելի է առանձնացնել այն, որ վերջինս օգնում է նվազեցնել սխալների հավանականությունը և բարձրացնել ճշգրտությունը։ Այն կարող է օգտագործվել տարբեր վտանգավոր առաջադրանքների կատարման համար, օրինակ՝ տիեզերքի, օվկիանոսի հատակի, լեռնահանքերի և մարդու համար անհասանելի կամ սահմանափակ այլ վայրերի հետազոտության և ուսումնասիրության նպատակով։ ԱԲ-ի միջոցով գործող ինքնավար մեքենաները հնարավորություն կտան նվազեցնել ավտովտթարների թիվը։ Բացի դա՝ ԱԲ-ը ունի առօրյա լայն կիրառություն։ Սմարթֆոնը ամենատարածված օրինակն է, թե մենք ինչպես ենք օգտագործում արհեստական բանականությունը։ Երբ մենք նկարվում ենք, ԱԲ-ի ալգորիթմը նույնականացնում և ճանաչում է մարդու դեմքը և նշում է մարդկանց, երբ մենք նկարները հրապարակում ենք սոցիալական ցանցերում։ ԱԲ-ը լայնորեն օգտագործվում է ֆինանսական և բանկային համակարգերում տվյալների կառավարման նպատակով։ Այսօր այն կարողանում է հայտնաբերել խարդախությունները քարտային համակարգերում։  ԱԲ-ի լայն կիրառությունը կարելի է տեսնել նաև բժշկության մեջ։ Բժիշկները գնահատում են հիվանդին կամ նրա առողջական ռիսկերը ԱԲ-ի օգնությամբ։  Այն նաև տեղեկատվություն է տալիս տարբեր դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների մասին։

Բոլոր այս դրական երևույթների հետ մեկտեղ ԱԲ-ը ենթադրում է նաև խնդիրներ։ Նախ և առաջ ԱԲ-ը ենթադրում է մեծ ծախսեր, ռեսուրսներ և ժամանակ այն կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու համար։ Բացի այդ, այսօր շատ են քննարկվում ԱԲ-ի հետ կապված էթիկական և բարոյական խնդիրները։  ԱԲ-ը զուրկ է ստեղծագործականությունից և գործում է միայն այն սահմաններում, որը նրա համար գծում է մարդը։ Կարևոր մտավախություններից մեկն էլ այն է, որ թեև ԱԲ-ը նվազեցնում է մարդու կողմից արվող սխալների հավանականությունը, սակայն խնդիրը կարող է լինել հենց ԱԲ-ի կոդում, որը, ի վերջո, գրվում է մարդու կողմից։ Մյուս կարևորագույն խնդիրը, որը կարող է առաջացնել ԱԲ-ի լայնածավալ կիրառումը,  գործազրկությունն է։ Վերջապես, մարդիկ կարող են չափազանց շատ կախված լինել ԱԲ-ից, ինչը կարող է հանգեցնել մարդու մտավոր կարողությունների անկման։ Մեքենաների հայտնվելը ոչ ճիշտ ձեռքերում ևս մտահոգությունների առիթ է ստեղծում մարդկության համար, իսկ հեռավոր ապագայի սցենարներում դիտարկվում են նաև  «մեքենաների ապստամբության»  սցենարներ։

 

Համեմատելով բոլոր ցուցանիշները՝ հանգում ենք այն եզրակացությանը, որ, թեև Չինաստանը որոշ չափորոշիչներում ունի մրցակցային առավելություններ, այնուամենայնիվ ներկայումս ԱԲ-ի ոլորտում առաջատարը Միացյալ Նահանգներն է։ Այդուհանդերձ պետք է նաև փաստել, որ Չինաստանի շարժառիթները իրական են և հստակ, և չպետք է դրանք թերագնահատել։