Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով դեկտեմբերի 1-ին հրաժարական է տալիս, Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը «իրական» է ճանաչել և կոչ արել խուսափել դրանից։
«Կասկած չկա, որ մենք ծայրահեղ վտանգավոր պահ ենք ապրում ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար։ Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափել դրանից։ Դեռ հնարավոր է փոխել պատմության ընթացքը»,- ասել է Միշելը Soir թերթին տված հարցազրույցում։
Պաշտոնյան չի հստակեցրել, թե ում է տեսնում որպես հնարավոր հակամարտության մասնակիցների։
Նրա խոսքով, անհրաժեշտ է «հորինել նոր եվրոպական երազանք», որը հիմնված կլինի տնտեսական հզորության և անվտանգության ու պաշտպանության ոլորտների առաջնահերթ զարգացման վրա։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Եվրոպան վերածվի հրաշալի անցյալով կարոտի և հպարտության թանգարանի»,- ասել է նա։
Խոսելով ԱՄՆ ընտրությունների մասին՝ Միշելն ընդգծել է, որ «ռացիոնալ տեսանկյունից [նախագահի թեկնածուներ Դոնալդ] Թրամփը և [Կամալա] Հարիսը համաձայն են բազմաթիվ տնտեսական հարցերի շուրջ», ուստի Եվրոպան կարիք չունի վախենալու Թրամփի հաղթանակից։
