ԱՄՆ-ի ընտրություններում 82,7 մլն մարդ ժամկետից շուտ է քվեարկել

ԱՄՆ-ում մոտ 83 մլն քաղաքացի ժամկետից շուտ քվեարկել է նոյեմբերի 5-ի ընտրություններում։ Այս մասին վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ ժամկետից շուտ քվեարկել է 82 713 594 բնակիչ։ Նրանցից մոտ 45 մլն-ը քվեարկել է անձամբ ընտրատեղամասերում, մոտ 37,7 մլն մարդ՝ փոստով։ Նշվել է, որ ժամկետից շուտ քվեարկությանը մասնակցածների 37,8 տոկոսը Դեմոկրատական կուսակցության, 35,8 տոկոսը՝ Հանրապետական կուսակցության անդամներ են։ Եվս 26,4 տոկոսը կուսակցական պատկանելությունը չի նշել։

Ժամկետից շուտ քվեարկած նահանգների ցուցակը  գլխավորել է Տեխասը (8,9 մլն)։ Առաջին եռյակում են Ֆլորիդան (8,3 մլն) եւ Կալիֆոռնիան (8,1 մլն)։ ԱՄՆ-ում գրանցված ընտրողնրի թիվը կազմում է մոտ 168 մլն։