ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են, որ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Տիգրան Բալայանին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico պարբերականի տեղեկություններն այն մասին, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, ինչ մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։

«Դեռևս արձագանք չկա»,- հավելել է ԱԳՆ պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների՝ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային օրվա առթիվ: