Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողություններն անվանել է դարի վատթարագույն ցեղասպանություններից մեկը, որոնք, ըստ նրա, անցյալ տարվա հոկտեմբերից մոտ 50.000 մարդու կյանք են խլել:
«Մեր դարի վատթարագույն ցեղասպանություններից մեկը կատարվում է Գազայի հատվածում»,- ասել է նա Ստամբուլում՝ TRT Haber հեռուստաալիքով։
Էրդողանի խոսքով՝ «Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական ագրեսիայի լավագույն պատասխաններից մեկը կլինի հնարավորինս շատ պետությունների կողմից Պաղեստինի ճանաչումը»։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները և աջակցել Պաղեստինին և Լիբանանի ժողովրդին արդար պայքարում»։
Էրդողանը նաև ասել է, որ Գազայի ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան Եգիպտոսի տարածքով ավելի քան 85 հազար տոննա մարդասիրական օգնություն է մատակարարել տարածաշրջան։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ և միացել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։
