Ռոբոտները շուտով կարող են ավելի զգալի դեր խաղալ վիրաբուժությունում արհեստական բանականության ոլորտի վերջին ձեռքբերումների շնորհիվ։ Այս մասին գրել են փորձագետները Science Robotics հոդվածում։
Գեներատիվ ԱԲ եւ այլ ոլորտների ձեռքբերումները կարող են թույլ տալ ռոբոտներին օգնել վիրաբույժներին որոշ խնդիրներ կատարելիս, որոնք պահանջում են ձեռքերի հմտություն, օրինակ՝ կարեր դնելիս։ «Հավելյալ հմտություն» մոտեցման շրջանակում մարդ վիրաբույժը ուշադիր կհետեւի ռոբոտի աշխատանքին եւ անհրաժեշտության դեպքում իր վրա կվերցնի կառավարումը։
«Վիրաբույժի հմտությունը հաճախ լավ վիրաբույժներին առանձնացնում է մեծ վիրաբույժներից»,- գրել են փորձագետները «Հավելյալ հմտություն. ինչպես կարող են ռոբոտները բարելավել մարդու վիրաբուժական հմտությունները» հոդվածում։
Նրանք առաջարկում են արհեստական բանականության ոլորտի վերջին ձեռքբերումներից մեկն օգտագործել բժշկության զարգացման եւ առողջության ու հանրության բարեկեցության բարելավման համար։
Վիրաբույժներն արդեն մշտապես օգտագործում են ռոբոտներին որոշ սակավ ինվազիվ միջամտությունների համար։ Բայց մարդն է որոշում մեքենայի գրեթե յուրաքանչյուր շարժումը։
Augmented Dexterity համակարգում կմշակվեն եւ կտեղակայվեն նախատեսվող մանեւրների թվային պատկերները վիրաբուժական դաշտի կենդանի պատկերների վրա։ Մարդ վիրաբույժը նայում է, խմբագրում եւ հաստատում պլանը, իսկ հետո հետեւում է, թե ինչպես է ռոբոտն այն կատարում։ Դա կարող է կիրառվել այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսին են կարեր դնելը եւ թերությունների վերացումը, ոլորտներ, որտեղ վիրաբույժի հմտությունները տարբեր են, եւ որտեղ ոչ մեծ սխալները կարող են վնասել պացիենտներին։
Այդ մոտեցումը կընդլայնի նաեւ հեռավիրաբուժության հնարավորությունները, երբ վիրաբույժները վիրահատությունների ժամանակ օգնություն են ցուցաբերում հեռավար։ Օրինակ, վիրաբույժները կկարողանան միացնել ռոբոտի կառավարումը եւ «ստեղծել որակյալ վիրաբույժների հեռավար հասանելիություն», գրել են հեղինակները։
Վիրահատարաններում հավելյալ հմտությունն առայժմ չի կիրառվում։ Բայց Intuitive Surgical-ը՝ վիրաբուժական ռոբոտների ամենախոշոր արտադրողը, «քայլեր է անում նման հնարավորությունների մշակման ուղղությամբ» ռոբոտների համար, նրա da Vinci համակարգի նման։
