ԱՄՆ նախագահի նախկին անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերը կարծում է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը պատմության մեջ դեմոկրատների ամենավատ թեկնածուն է։ Նա այսպիսի կարծիք է հայտնել La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում։
«Հարիսը, հավանաբար, նախագահի ամենավատ թեկնածուն է մեր պատմության մեջ»,- կարծում է քաղաքական գործիչը։ Նրա կարծիքով՝ «ամերիկացիները փոփոխություններ են ցանկանում Բայդենից», եւ Հարիսը «չի կարողացել որեւէ մեկին համոզել, որ ինքը կարող է դրանք առաջարկել»։ «Նա առաջնորդ չէ, որը կարողանա դիմակայել ռազմական ապարատին կամ հատուկ ծառայություններին։ Նա չի կարող խոսել առանց գրված ելույթի, եւ նա ցուցադրել է, որ չի կարող հաղթահարել միգրացիայի խնդիրը կամ զսպել գնաճը»,- շարունակել է Քենեդի-կրտեսրը։
Նա կանխատեսում է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը։ «Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է էլիտաների քաղաքական լծակի, իսկ Հանրապետական կուսակցությունը ժողովրդի իսկական ներկայացուցիչն է»,- կարծում է քաղաքական գործիչը։ Օգոստոսին Քենեդին հայտարարել էր, որ դադարեցնում է պայքարը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար որպես անկախ թեկնածու եւ աջակցում է Թրամփին, քանի որ նրանց դիրքորոշումները «կենսականորեն կարեւոր հարցերում», ներառյալ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու անհրաժեշտությունը, համընկնում են։
