Հայաստանյան ընտրությունների «կառուսելը» միջազգային համբավ ունի…

Վրաստանի  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ ։խորհրդարանական ընտրություններում կիրառվել է «հայկական կարուսել»:

«Մենք դա անվանում ենք «Հայկական կարուսել»: Չգիտեմ, միգուցե, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»… Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից տարբեր պատրվակներով առգրավվել են ինքնության վկայականներ։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել նույնիսկ 17 անգամ։ Նրանք իրենց տրամադրության տակ ունեին մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանել է այդ հայտարարությանը.«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց ձախողումների, ինչն արձանագրվել է ինչպես դիտորդների, այնպես էլ՝ լրատվամիջոցների կողմից»: Նրանք հիշեցրել են, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է Smartmatic ընկերության հետ համագործակցությամբ, որն ընտրությունների անցկացման փորձ ունի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Հայաստանում։

«Էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձը ոչ այլ ինչ է, քան իրականությունը չճանաչելը և հանրությանը մոլորեցնել՝ ելնելով սեփական քաղաքական շահերից»,- ասված է պատասխան հայտարարության մեջ: