Վանաձորում և Իջևանում ֆուտբոլի նոր մարզադաշտեր կկառուցվեն․ ԿԳՄՍ նախարար

Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում կկառուցվեն ֆուտբոլի նոր մարզադաշտեր, որոնք կհամապատասխանեն ՈւԵՖԱ չափորոշիչներին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ մարզական ենթակառուցվածքի զարգացումը կապված է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության անցկացման պլանների հետ Վրաստանի հետ համատեղ։ Դա, նախարարի խոսքով, պահանջում է որակյալ օբյեկտների առկայություն։

«Բացի Վանաձորում եւ Իջեւանում մարզադաշտերի կառուցումից, նախատեսվում է կառուցել Ազգային մարզադաշտ ապագա Ակադեմիական քաղաքի տարածքում»,- ավելացրել է Անդրեասյանը։