Հույսի և վստահության մթնոլորտ՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքում. լուսանկարներ


    Երեկ «Ազատության» հրապարակում կայացավ «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը։ Դանիել Իոաննիսյանի միավորման ներկայացուցիչներն այնտեղ տեսել են հինգ հազարից մի փոքր ավելի մարդ։ Իսկ ներկաներն ու տեսախցիկներն այլ բան են ֆիքսել. հանրահավաքին ներկա էին մոտ երկու տասնյակ հազար մարդ։ Դա այն դեպքում, երբ այս մարդիկ եկել էին առանց վարչական լծակների, առանց պարտադրանքի։ Դեռ մի բան էլ ավելին՝ շատերը եկել էին՝ աշխատանքից ազատվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով։

Հիշում և գնահատում են «քոչարյանական» տարիները

Հանրահավաքը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի վարկանիշը բավականին բարձր է՝ ի հեճուկս նրան պարտված նախագահ համարող որոշ բլոգերների։ Նրան իրենց վստահությունը հայտնելու էին եկել մարդիկ, ովքեր չեն մոռացել նրա ղեկավարման տարիների հաջողությունները՝ ճգնաժամային իրավիճակից բարեհաջող դուրս գալը, տնտեսական զարգացումը, սոցիալական իրավիճակի բարելավումը, հետերկրաշարժյան Հայաստանի վերականգնումը, արտաքին աշխարհում Հայաստանի ուժեղ քաղաքական դիրքերի ամրապնդումը և շատ այլ ձեռքբերումներ։ Նրա աջակիցները վստահ են, որ այս անգամ էլ երկրի գահավիժումը և խաղաղ կապիտուլյացիան կարող է կասեցնել միայն Ռոբերտ Քոչարյանը՝ որպես փորձառու ղեկավար:

Չնայած սև քարոզչությանը…

Հանրահավաքը ցույց տվեց նաև, որ մարդիկ այլևս չեն տրվում երկրորդ նախագահի դեմ տարվող սև քարոզչությանը, որը տարվել և տարվում է թե՛ նրա ղեկավարման տարիներին, թե՛ իրենից հետո, թե՛ այսօր։ Հիմա էլ այդ սև քարոզչությանն են լծված ոչ միայն ՔՊ-ական մեդիաները, ֆեյքերի բանակը, այլև «միշիմեդիան» և ՀՀԿ-ի որոշ կարկառուն ներկայացուցիչներ։ Հանրությունն արդեն լավ գիտակցում է, թե որտեղից են փչում «քամիները» և ինչ են ուզում։ Ու որքան շատ են այդ ուժերը բամբասում Քոչարյանի մասին, այնքան նրա շուրջն են համախմբվում գիտակից բազմաթիվ մարդիկ։

Հանրահավաքի ժամանակ հնչած ելույթները հստակ ուղերձներ ունեին՝ առանց պոպուլիզմի, առանց ավելորդ պաթոսի, և նպատակային էին։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ արևից ծառերի ու շենքերի տակ պատսպարված մարդիկ լցվեցին հրապարակ, փորձում էին ավելի մոտ կանգնել բեմահարթակին, որտեղից ելույթ էր ունենում նախագահը, ով իր խոսքի տեր մարդ է, չի ստում, չի շողոքորթում և չի մանիպուլացնում։

Հանրահավաքից հետո դաշինքի առաջնորդների գլխավորությամբ երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից բարձրացավ դեպի Մատենադարան։ Երթի շարասյունը ձգվում էր Մաշտոցի պողոտա–Հանրապետության հրապարակ–Մատենադարան երթուղով։ Երթի ընթացքում մարդիկ իրենց լուսամուտներից, պատշգամբներից էին ողջունում մասնակիցներին, մեքենաները ազդանշաններով էին միանում երթին…