Մտնում ենք նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթ՝ ամենալարված, ամենավճռորոշ և ամենապատասխանատու փուլը։ Սա սովորական ընտրություն չէ։ Սա ընտրություն է Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի, մեր պետականության, մեր ազգային ինքնության ու արժանապատիվ գոյության միջև։
Շատ քաղաքացիների համար այս ընտրությունները դարձել են բառի բուն իմաստով կենաց-մահու հարց։ Մարդիկ մտահոգված են հայրենիքի անվտանգությամբ, պետականության պահպանմամբ, ազգային արժեքների պաշտպանությամբ և այն վտանգներով, որոնք, իրենց համոզմամբ, սպառնում են Հայաստանին։ Մյուս կողմից՝ իշխանության համար այս ընտրությունները ոչ միայն իշխանությունը պահելու, այլև քաղաքական ու անձնական պատասխանատվությունից խուսափելու պայքար են։
Հենց այստեղից էլ ծնվում է այն նյարդային, ագրեսիվ և երբեմն նույնիսկ հիստերիկ մթնոլորտը, որը վերջին շրջանում ձևավորվել է քաղաքական դաշտում։ Նիկոլ Փաշինյանի խոսքն ու վարքագիծը գնալով ավելի կոշտ, ավելի անհանդուրժող և ավելի սադրիչ են դառնում։ Ակնհայտ է, որ իշխանությունը գիտակցում է վտանգը և պատրաստ է կիրառել իր ողջ քաղաքական ու քարոզչական զինանոցը՝ դիրքերը պահպանելու համար։
Առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք նոր վիրավորանքների, նոր զրպարտությունների, նոր սադրանքների ու արհեստական լարվածությունների։ Նպատակը մեկն է՝ ընդդիմադիր ուժերին ներքաշել էմոցիոնալ պայքարի մեջ, ստիպել կորցնել հավասարակշռությունը և շեղվել հիմնական օրակարգից։
Սակայն հենց այստեղ է որոշվելու շատ բան։ Ընդդիմադիր ուժերը պարտավոր են ցուցաբերել քաղաքական հասունություն, սառնասրտություն և կամք։ Պետք է պատասխանել կոշտ, բայց արժանապատիվ, վճռական, բայց առանց ինքնատիրապետումը կորցնելու։ Որովհետև իշխանության գլխավոր հույսը հակառակորդին նյարդայնացնելն է, իսկ նրա գլխավոր վախը՝ կազմակերպված, վստահ և նպատակասլաց հասարակությունն է։
Այս վերջին շաբաթը լինելու է ոչ միայն քաղաքական ծրագրերի, այլև նյարդերի, կամքի և տոկունության պայքար։ Եվ այդ պայքարում հաղթելու է նա, ով կկարողանա պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին և մինչև վերջ մնալ իր սկզբունքների կողքին։
Առջևում վճռորոշ օրեր են։ Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր քայլ և յուրաքանչյուր որոշում կարող է ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա։ Հետևաբար, այս պայքարը պետք է մղել պատասխանատվության զգացումով, ոչ թե աղմուկով, այլ համոզմունքով և ազգային շահի գիտակցմամբ։
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
