Ութ տարի շարունակ երկիրը տեսանք հակառակ կողմից

 Սրանից ութ տարի առաջ մեզանից շատերը դեռևս «թավշյա հեղափոխություն» կոչված մեծ բեմադրության էյֆորիայի ազդեցության տակ էին։ Հավատում էինք, որ մենք ենք իրականացրել իշխանափոխությունը, մենք ենք մերժել Սերժին, մենք ենք մեր երկրի ու մեր ճակատագրի տերը… և նման շատ գեղեցիկ բաների էինք հավատում։

Մինչդեռ, ինչպես հետո պարզվեց, մենք պարզապես ապահովում էինք մեծ թատրոնի «մասսովկան»։

Սկզբում թվում էր, թե բոլորը սիրում են միմյանց, համերաշխությունն էր թևածում երկրում, և կարծես միակ ատելության կենտրոնն ու հասարակական համերաշխությունը խաթարողը մերժվածներն էին՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմը, որոնցից ազատվելուց հետո ամեն ինչ պետք է ընկներ իր տեղը։

Մինչդեռ իրականում այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, մեր հասարակության ներսում, աննախադեպ քայքայիչ ու հյուծող էր։ Նիկոլ Փաշինյանի իրականացրած համատարած ատելության քարոզը իր հետքը թողեց և պառակտեց հասարակությանը՝ սկզբում «նախկիններ-ներկաներ», «սև-սպիտակներ» սահմանագծերով, ապա այդ ատելությունը ճյուղավորվեց, քաղցկեղի նման տարածվեց ու ստացավ տարբեր դրսևորումներ։ Մի քանի պատերազմ ու պարտություններ բերած Փաշինյանն այժմ էլ խաղում է «խաղաղարարների» և «պատերազմ հրահրողների» հակադրության վրա։

Ութ տարի շարունակ մենք ապրել ենք լարվածության ու սթրեսի մեջ։ Գրեթե ամեն օր ականատես ենք լինում աննախադեպ հակապետական ու հակազգային հայտարարությունների և քայլերի։ Ականատես ենք ազգային արժեքների ոչնչացման, պատմական իրողությունների խեղաթյուրման, թշնամի երկրի առաջ նվաստացուցիչ ու ստորացուցիչ վարքագծի։ Հերոսները հռչակվեցին ազգի թշնամիներ, դաշնակիցը ներկայացվեց որպես մեր դժբախտությունների պատճառ, իսկ թշնամին դարձավ «բարեկամ»։ Ութ տարի շարունակ մեզ համոզում են, որ մենք խեղճ ենք ու թույլ, դասալիք ենք ու ծույլ: Եւվ, հետևաբար, արժանի չենք պետություն ու պետականություն ունենալու…

Ամեն օր լրահոսում հանցագործություններ են, սպանություններ, մանկահասակների նկատմամբ բռնություններ, չբացահայտված հանցագործություններ։ Թվում է՝ դժոխքը բացել է իր դռները։ Եվ այս ամենի հեղինակը երկրի ղեկը ամուր բռնած ու այն բաց չթողնել ցանկացող մարդն է։

Ատելությունը ներթափանցել է մարդկանց ընտանիքներ, ընկերական հարաբերություններ։

Ութ տարի շարունակ մենք երկիրը տեսել ենք հակառակ կողմից։ Իսկ այդ հակառակ կողմը նողկալի է, անտանելի, կործանարար։ Դա մերը չէ, դա մեր երկիրը չէ։ Եվ որպեսզի երկիրը վերադարձնենք իր բնականոն հունին, նախ պետք է ազատվենք երկիրը գլխիվայր շրջած ու հակառակ կողմը բերած մարդուց։ Ժամանակն է պարտություններից, հուսահատությունից ու լարվածությունից հյուծված հասարակությանը վերադարձնել բնականոն կյանքը և նորից սկսել վերակառուցել գրեթե քանդված երկիրը։

Նաիրա Վանյան