Վաղը՝ մայիսի 4-ին, Երևանը կդառնա արևմտյան առաջնորդների հավաքատեղի։ Այստեղ կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Պետական այցով Հանրապետություն կայցելի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Շատերի մոտ այս այցերը մեծ ոգևորություն են առաջացրել, թե՝ վերջապես մերձենում ենք քաղաքակիրթ աշխարհին, Եվրոպա գնալու վիզա կստանանք, մեզ եվրոպացի կզգանք, մարդամեջ դուրս կգանք։
Իսկ իրականում այս այցերի խորքում կան անհանգստացնող ու մտահոգիչ իրողություններ։
Եվրոչինովնիկները գալիս են Երևան՝ նախընտրական աջակցություն հայտնելու Փաշինյանին։ Բայց, ոչ թե Փաշինյանի բարձր որակներն են նրանց հիացրել, այլ աշխարհաքաղաքական խառնակչություններ հրահրելու և Ռուսաստանի դեմ գործելու նրա պատրաստակամությունը։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանում երբեք չի եղել և, հավանաբար, չի լինի մի ղեկավար, որը այսպես ջանադրաբար կփչացնի հայ-ռուսական հարաբերությունները և իր անձնական շահերին համապատասխան կփորձի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Եվ հանուն դրա «եվրոժողովրդավարները» աչք են փակում այն իրավական ու քաղաքական ճնշումների մթնոլորտի նկատմամբ, որը Փաշինյանը հաստատել է Հայաստանում։
Փաշինյանական ժողովրդավարությունն ու եվրոպական երկերեսանիությունը
Հայաստանում այսօր տիրում է աննախադեպ քաղաքական ճնշումների մթնոլորտ․ դիմակավորված ուժայինները գրոհում են ազգային եկեղեցու վրա, առանց որևէ իրավական հիմնավորման մարդիկ հայտնվում են անազատության մեջ՝ իրենց քաղաքական կողմնորոշման և ազատ խոսքի համար, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ են նետվում, երկրի ղեկը ստանձնած անձը լույսը բացվելուն պես սկսում է հայհոյախառն գրառումներ կատարել և սադրել իր քաղաքական ընդդիմախոսներին համացանցում։ Ընտրություններին ընդառաջ խոսքի և ազատության իրավունքից զրկված են կարկառուն ընդդիմադիր գործիչները, համայնքապետերը: Սա, ըստ եվրոչինովնիկների, ժողովրդավարություն է, որը Հայաստանի քաղաքացու համար «կերտել» է ԵՄ-ն՝ իր Կալասներով ու Մակրոններով։
Հայաստանում ստեղծված իրավիճակի համահեղինակները հենց իրենք են՝ Մակրոններն ու մյուս եվրոպական պաշտոնյաները։ Հիմա ի՞նչ երեսով են նրանք գալիս Հայաստան, որի հասարակությունն արդեն գիտակցում է, թե ինչ կեղտի մեջ հայտնվեց երկիրը, երբ ցանկացավ փոխել իր արտաքին կողմնորոշումը՝ եվրոպամետ շրջանակների մեջ մտնելով «եվրոաշխարհի» հետ։
Իսկ երկրի ղեկը ստանձնած անձը, ըստ այս գնահատականի, դարձել է Հայաստանում թշնամական երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկողը։ Արդյունքում Հայաստանը կանգնած է պետականության ու ինքնիշխանության կորստի և ադրբեջանա-թուրքական կցորդ դառնալու վտանգի առաջ։ Սա լավ գիտեն նաև վաղվա հյուրերը։ Բայց նրանց պետք է ևս մեկ անգամ աջակցել Փաշինյանին՝ վերընտրվելու և իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը մինչև վերջ իրականացնելու համար՝ Ռուսաստանին դուրս բերելով տարածաշրջանից։
Եվրոպական պաշտոնյաները սիրում են պարբերաբար «դիմակափոխվել»։ Հիշենք, որ նրանք մեծ շուքով ընդունում են Սիրիայի նոր առաջնորդ Ալ Շարային, ում ոչ վաղ անցյալում անվանում էին ահաբեկիչ։ Ժամանակին նրա գլխի համար 10 մլն դոլար էր խոստացվել։ Հիմա արդեն ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները «շոյում են» այդ գլուխը… Իսկ նրա ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը շարունակում է ցեղասպանական գործողություններ իրականացնել Սիրիայում։
Վաղը Հայաստան կայցելի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահների պաշտոնական այցեր նախկինում ևս եղել են։ Ժակ Շիրակը այցելել է 2006 թ․ սեպտեմբերին։ Սա կարևոր պետական այց էր, որի ընթացքում նա մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների։ 2014-ին Հայաստան է այցելել Ֆրանսուա Օլանդը։ Նրա այցի նպատակը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումն էր։
Ֆրանսիայի այս երկու նախագահներին թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության կողմից ընդունել են սիրով ու պատվով։ Այդ նախագահները Հայաստանին ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ չէին թելադրում, քանի որ չէին կարող։ Հայաստանը ամուր դիրքերում էր, և Հայաստանի ղեկավարները իրենց դրածոները չէին։ Նրանց ձեռամբ Արցախ չէինք կորցրել։
Այլ բան է Մակրոնը։ Ի՞նչ երեսով է Հայաստան գալիս մի մարդ, ով դարձավ Արցախը կարմիր ժապավենով Ադրբեջանին «նվիրելու» դավադրության կնքահայրը։ Իսկ Հայաստանում այսօր ապրում են այդ իրադարձությունների արդյունքում հայրենազրկված արցախցիները։
Հիմա Մակրոնն ու մյուս եվրոչինովնիկները գալիս են Հայաստան, որ ի՞նչ անեն…
Նաիրա Վանյան
