Համաշխարհային քաղաքական համակարգերը անլրջացել են՝ իրենց հետ բերելով անլուրջ ղեկավարներ՝ իրենց անպատասխանատու հայտարարություններով ու քայլերով։ Սա իր հերթին հանգեցրել է միջազգային օրենքների քաղաքակրթության փլուզման։ Մոլորակի վրա այլևս գերիշխում է ջունգլիների օրենքը. ուժեղին կարելի է ամեն ինչ՝ սպանել, հոշոտել, գողանալ, ավերել, և նրա ձեռքը բռնող չկա։ Այն կառույցները, որոնք երկար տարիներ ունեցել են համաշխարհային ազդեցություն և կարողացել են զսպաշապիկ լինել ագրեսոր տերությունների համար, հիմա դարձել են անգործունակ «բուտաֆորիա»։ ՄԱԿ-ը չի կարողանում զսպել Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից սանձազերծված ցեղասպանությունները՝ տարբեր ազգերի ու պետությունների նկատմամբ։ Որքան էլ Միջազգային Քրեական դատարանը Իսրայելի նախագահին ճանաչել է ռազմական հանցագործ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, Նեթանյահուն ոչ միայն ազատության մեջ շարունակում է իր հանցագործությունները, այլև կարողանում է իր ազդեցության տակ պահել ԱՄՆ նախագահին և նրան դարձնել իր գործիքը՝ նոր պատերազմներ հրահրելու գործում։
Վերջին տարիներին աշխարհաքաղաքական «բրենդ» է դարձել նաև ընտրողներին խաբելը՝ մանիպուլյացիան։ Խաբում են ոչ միայն Հայաստանի նման փոքր երկրների ղեկավարների թեկնածուները, այլև «ժողովրդավարություն» արտահանող ԱՄՆ-ում։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններին խոստանում էր 24 ժամվա մեջ խաղաղություն բերել աշխարհին։ Ընտրվելուց հետո արեց ճիշտ հակառակը։ Ոչ միայն չկարողացավ դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, այլև մի մեծ կործանարար պատերազմ հրահրեց Մերձավոր Արևելքում։ Իրանի դեմ սկսած պատերազմում Թրամփը պարտվեց, որովհետև չկարողացավ իրականացնել այն նպատակները, որոնք իրենց առջև դրել էին Նեթանյահուն և ինքը։ Իրանը այս պատերազմում ցույց տվեց իր խորքային պետություն լինելու փաստը, և Իրանի հասարակությունը չտրվեց դրսի ուժերի սադրանքներին ու պահպանեց ու պաշտպանեց իր պետականությունն ու իր անվտանգությունը։
Թրամփը, սակայն, իր խայտառակ պարտությունը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում և ռազմական հաջողություն։ Օրվա տարբեր ժամերի հակասական հայտարարություններ հնչեցնող էքսցենտրիկ Թրամփը Իրանի դեմ պատերազմում իր ձախողումը ներկայացնում է որպես պատմական հաջողություն, հաղթանակ՝ դա հիմնավորելով նրանով, որ կարողացել են սպանել Իրանի հոգևոր առաջնորդին, ռազմաքաղաքական ղեկավարներին։ Թրամփը մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ-ը «արդեն հաղթել է» կամ «հաղթանակը ապահովված է»։ Մինչդեռ պատերազմը պաշտոնապես չի ավարտվել։ Իրանը շարունակում է ռազմական գործողություններ կամ պատասխան քայլեր։ Թրամփը հայտարարում է, թե «Իրանի ռազմական կարողությունները գրեթե ոչնչացված են»։
Մինչդեռ անկախ վերլուծաբանները նշում են, որ Իրանը դեռ ունի բալիստիկ հրթիռներ, անօդաչու սարքեր, տարածաշրջանային դաշնակից ուժեր և, ամենակարևորը, պատերազմը շարունակելու և իրեն շահեկան պայմաններում ավարտելու ծրագիր։ Թրամփը ոգևորված հայտարարում է, թե «Իրանը այլևս չի կարող միջուկային զենք ստեղծել»։ Մինչդեռ միջուկային ծրագիրը շատ բարդ և բազմաշերտ է, իսկ Իրանը չի հայտարարել, որ հրաժարվում է միջուկային զենք արտադրելու հեռանկարային նպատակներից։ Չկան հաստատված տվյալներ, որ ծրագիրը ամբողջությամբ կանգնեցված է։
Թրամփը պարբերաբար հայտարարում է, թե ԱՄՆ-ը կարող է մեկ ժամում ամբողջությամբ կործանել Իրանը։ Մինչդեռ իրականում արդեն տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը արդյունք չեն տալիս, և Իրանը մնում է կայուն և պինդ երկիր։ Վերջապես, Թրամփը խոստանում է Հորմուզի նեղուցը վերցնել իր վերահսկողության տակ և բերել տարածաշրջանի «ոսկե դարը»։ Մինչդեռ իրականությունն այլ է…
Գերտերություն ԱՄՆ-ի և փոքր Հայաստանի ղեկավարների միջև կա գործելակերպի նմանություն։ Թրամփն իր անհաջողությունները ներկայացնում է որպես մեծագույն ձեռքբերումներ և հաղթանակներ: Նիկոլ Փաշինյանը իր պարտություններն ու զիջումները նույնպես ներկայացնում է որպես հաղթանակներ և ձեռքբերումներ։ Տվեցինք Շուշին՝ փրկեցինք նախ 10 հազար, հետո 15 հազար, հետո 25 հազար զինվորի կյանք։ Տվեցինք Արցախը՝ ունեցանք Հայաստան։ Տվեցինք Տավուշի տարածքները, Ջերմուկի սարերը, Գեղարքունիքի որոշ հատվածները՝ ձեռք բերեցինք խաղաղություն։ Տալիս ենք Սյունիքը՝ ձեռք ենք բերում… չգիտենք ինչ։ Տալիս ենք ու տալիս, որ ձեռք բերենք «խաղաղություն»։ Ու շարունակական պարտությունների այս շղթան ներկայացվում է որպես դարի հաղթանակներ: Մարդն ի սկզբանե ասում էր՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
