Երեկ Վերաքննիչ դատարանում քննվում էր Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի և հանրային մեղադրողի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, ինչպես նաև Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամի չափով գրավը դարձնել պետության եկամուտ։
Դատական նիստի ընթացքում Դավիթ Համբարձումյանը դիմեց դատարանին և, մասնավորապես, հայտարարեց․
«Հարգարժան դատարան, այստեղ՝ դահլիճում, նստած են ինձ ընտրող մարդիկ, ինձ վստահող քաղաքացիներ, և չեմ ցանկանում, որ իմ հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծվի, թե ես խուլիգան եմ։ Որևէ դեպքում որևէ խուլիգանություն չեմ գործել։ Ինչ վերաբերում է գրավին, այն ինձ բացարձակ չի հետաքրքրում․ տպավորություն չստեղծվի, թե դա իմ համար կարևոր է։ Ես, իմանալով, որ դատապարտվել եմ 6 տարի 3 ամիս ազատազրկման, վերադարձել եմ Հայաստան և որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու, որ կարող եմ փախչել իմ երկրից։ Ցանկանում եմ, որ իմ հայրենակիցները իմանան՝ ես այդ հանցանքը չեմ գործել։ Խնդրում եմ փոխել իմ խափանման միջոցը․ գտնում եմ, որ այն, մեղմ ասած, տեղին չէ, և խնդրում եմ կայացնել արդարացման վճիռ»։
Ակնհայտ է, որ այս իրավիճակում Դավիթ Համբարձումյանին հետաքրքրում է ոչ թե 5 մլն դրամ գումարը կամ իր անազատության մեջ գտնվելու հանգամանքը, այլ իր հայրենակիցների կարծիքն ու սեփական վարկանիշը։
2016 թվականից Մասիս քաղաքը, այնուհետև Մասիսի խոշորացված համայնքը ղեկավարած Համբարձումյանը բնակչության շրջանում ձեռք է բերել բարձր վարկանիշ և մեծ հեղինակություն՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Անգամ ընդդիմադիր լինելով՝ 2021 թվականին նա ընտրվել է որպես խոշորացված համայնքի ղեկավար։ Այս տարիների ընթացքում նա կարողացել է համայնքում պահպանել համերաշխության մթնոլորտը իշխանական և ընդդիմադիր թևերի միջև և թույլ չի տվել, որ քաղաքական պայքարը խաթարի համայնքի խաղաղ կյանքը՝ ինքը լինելով իշխանության հետ որևէ կոմպրոմիսի չգնացող ընդդիմադիր։
Այն բանից հետո, երբ Համբարձումյանը դարձավ իմպիչմենթի միասնական թեկնածու, իշխանությունը «արխիվից» դուրս բերեց հին, արդեն մոռացված մի գործ, որը վերաբերում էր 2018 թվականի իրադարձություններին։ Նա կալանավորվեց՝ դատապարտվելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Հետագայում կալանքը փոխվեց տնային կալանքի։
Համբարձումյանի կալանավորումը բուռն դժգոհություն առաջացրեց Մասիս համայնքում: Անգամ Փաշինյանի կողմնակիցներն էին դատապարտում նման քաղաքական ռեպրեսիան:
Ակնհայտ է և անհերքելի, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է։ Ինչպես նաև քաղբանտարկյալներ են Սամվել Կարապետյանը, Միքայել և Բագրատ սրբազանները, մյուս հոգևորականներն ու ազգային գործիչները, որոնց իշխանությունը մեղադրում է տարբեր ծանր հանցագործությունների մեջ՝ ահաբեկչությունից մինչև պետական հեղաշրջման փորձ։
Իսկ քաղբանտարկյալները դատվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար։ Նրանք խուլիգաններ չեն, հանցագործներ չեն, և այդ մասին լավ գիտեն բոլոր գիտակից մարդիկ։
Ուստի, անկախ այն բանից, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, նրան ճանաչողները լավ գիտեն, որ նա խուլիգան չէ, հանցագործ չէ, ինչպես նաև Հայաստանի մյուս բոլոր քաղբանտարկյալները։
Նաիրա Վանյան
