Իշխանականները՝ իրենց ազգուտակով հանդերձ, ցինիզմի դրսևորման մրցավազքի են դուրս եկել: Փաշինյանից սկսած մինչև Տիգրան Ավինյանի հայր վիրավորում են շարքային քաղաքացիներին, մարզաբնակներին, գյուղացիներին: Երեկ«բեմահարթակում» հայտնվեց Անդրանիկ Քոչարյանը:
Երկար ժամանակ լրագրողները փորձում էին պարզել, թե բանակում ինչու չի ծառայել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում: Ասպիրանտուրան ավարտել է 2019 թվականին: Ատենախոսությունը պաշտպանել է 2020-ին ու նախքան այդ նա ենթակա է եղել պարտադիր զորակոչի, երկու զորակոչ է եղել ու Քոչարյանի որդին բաց է թողել: Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, թե տարկետում է ստացել առողջական հիմքերով:
երեկ Անդրանիկ Քոչարյանը, փաստորեն, լրագրողի հարցին ի պատասխան հերքեց ՊՆ-ի պարզաբանումը և տվեց ավելի «անկեղծ» պատասխան. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»:
Այդ խոսքերի հեղինակը ղեկավարում է պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը, քննել է քառօրյա ու 44-օրյա պատերազմների ու պարտության պատճառները: Իշխանական պատգամավորի այս խոսքերից ի՞նչ է ստացվում. Հայաստանի սահմանները պահում են գիտելիք չունեցողները, իսկ ունեցողները վե՞ր են այդ պարտականությունից: Ինչպե՞ս է նա քննել պատերազմի հանգամանքները, երբ բանակում ծառայողներին, պատերազմներում զոհվածներին համարում է ցածրակարգ:
Պատկերացնել կարելի է այն ծնողների հոգեկան ցավը, որոնց լուսավոր որդիները տարբեր հանգամանքներում զոհվել են բանակում ծառայելու տարիներին, պատերազմում կամ այսօր էլ ծառայում են բանակում՝ գիտակցաբար ու սիրով:
Բարձրակարգ տղայի հայրը կարո՞ղ է նման ցածրակարգ մտքեր ու գաղափարներ ունենալ…
Սա ՔՊ-ական քարոզչության մի մասն է, ևս մեկ քայլ է՝ նսեմացնելու հայրենիքի պաշտպանության գաղափարը…
Նաիրա Վանյան
