Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի հայտնվի այն ծուղակում, որի մեջ փորձում են ներքաշել երկիրը Իրանի շուրջ հակամարտության ֆոնին:
«Մենք չտրվեցինք ոչ մեկի մանիպուլյացիաներին և վճռական ենք մեր երկիրը կրակի օղակից դուրս պահելու հարցում», — հայտարարել է նա կառավարության նիստից հետո:
Էրդողանի խոսքով՝ Անկարան հակամարտության հենց սկզբից որդեգրել է հավասարակշռված դիրքորոշում՝ գործելով բարիդրացիության և տարածաշրջանային կայունության սկզբունքների հիման վրա:
Նա նաև նշել է, որ պատերազմի ձգձգումը բերում է նոր մարտահրավերների, այդ թվում հանգեցնելով տնտեսական լուրջ հետևանքների։ Նրա խոսքով, մասնավորապես, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ տուրբուլենտություն է առաջացրել համաշխարհային շուկաներում:
Էրդողանն ընդգծել է, որ նավթի գների աճը և մի շարք երկրների կողմից կիրառվող սահմանափակումները մեծացնում են ճնշումը համաշխարհային տնտեսության վրա և ազդում կյանքի տարբեր ոլորտների:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
