Երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքականությունը բիզնես չեն

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագիրը մտորումների տեղիք է տալիս։ Ինչու՞ է քաղաքական նորաստեղծ այս ուժը Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար, բրիգադային գեներալին ներգրավել իր անվտանգային և պաշտպանական ծրագրերում։

Նարեկ Կարապետյանը դա հիմնավորում է այսպես.

«Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ: Գեներալը աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է: Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան և նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերստեղծման գործում:

Ինչո՞ւ: 2020 թվականին մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստներն ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով: Այսինքն՝ այս պահին հարց բարձրացնողները, թե ինչու ենք հրավիրել. երբ քո որդին լինի սահմանին, դիրքերում ու «բայրաքթարը» իր գլխի վերևը լինի, դու կասե՞ս՝ «ինչո՞ւ ես իսրայելցի բերել, որ այդ բայրաքթարը գցելու, բայրաքթարին խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին», թե՞ կասես՝ «ճիշտ ես արել»: Դուք ձեր որդիների վրա օրինակ վերցրեք, ձեր եղբայրների վրա օրինակ վերցրեք: Որպեսզի հասկանաս, թե ունե՞ս փաստացի պաշտպանություն, թե՞ չէ՝ մինչև պատերազմը դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող երկիրը: Այս պահին դա Իսրայելն է, ու այդ համակարգի ստեղծողին, ով   պրոֆեսիոնալ խորհրդատվություն կարող է տալ իր թիմով»:

 Դժվար է չհամաձայնել Կարապետյանի հետ. այո, մեր տղաները ունեն օդային պաշտպանության կարիք, մեր երկիրն էլ՝ նման ուժեղ համակարգի։ Այո, Իսրայելը ունի աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանությունը և, հրեա գեներալ Զվիկա Խայմովիչը ուժեղ ու ազդեցիկ մասնագետ է։

Սակայն, պետք է հաշվի առնել ոչ միայն Իսրայելի ուժն ու այդ գեներալի մասնագիտական կարողությունը, այլ նաև այն հարաբերությունները և աշխարհաքաղաքական շահերը, որոնք ունի այդ երկիրը Հայաստանի ու նրա հարևանների հետ։ Չենք մոռացել, որ արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ինչ ռազմական աջակցություն էր ցուցաբերում Իսրայելը։

Իսրայելը չենք կարող համարել Հայաստանին դաշնակից ու բարեկամ երկիր։ Իսրայելը աշխարհաքաղաքական այն բլորի մասն է, որոնք ցանկանում են Հայաստանը մասնատել։ Չմոռանանք նաև, թե ինչ արյունահեղություն ու ավերածություններ է այսօր կատարում Իսրայելը մեր հարևան ու դաշնակից երկրի՝ Իրանի նկատմամբ։ Հետևաբար, կարծել, թե նրա ուժեղ լինելը արդարացնում է մեր անվտանգային համակարգը այդ գեներալին վստահելը, մեղմ ասած, արդարացված չէ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե այդ գեներալը պատերազմական, ռազմական էքստրեմալ իրավիճակներում ինչպիսի որոշում կկայացնի՝ ի շահ իր հայրենիքի և ի վնաս Հայաստանի ու նրա դաշնակից Իրանի։ Այս փաստը նոր խնդիրներ կառաջացնի նաև Հայաստան–Իրան հարաբերություններում։

Հավանաբար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հայազգի բարերար Սամվել Կարապետյանը, ով Հայաստանի նկատմամբ ունի ազնիվ նկրտումներ ու նպատակներ, կարծում է, որ շատ փողի դիմաց ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել՝ «ես քեզ շատ փող կտամ, դու ինձ լավ ապրանք» տրամաբանությամբ։ Սակայն, հաջողակ գործարար-բարերարը, աշխարհաքաղաքականության մեջ լինելով անփորձ, հավանաբար, չի պատկերացնում, որ ամեն ինչ չէ, որ վաճառվում ու գնվում է։

Այո, հրեա գեներալը կարող է մի օր դեն նետել իրեն վճարված փողերը և գործել իր երկրի աշխարհաքաղաքական շահերի օգտին՝ Հայաստանի ներսում դառնալով վառոդի տակառ…

 Նաիրա Վանյան